Հասարակության ուշադրությունը բևեռված է անիմաստ ու անկարևոր հարցերի վրա: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին` այսպես է արտահայտվել Ազգային Ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Բանակցում են երկու ուժեր, շատ ուրախալի է, որ բանակցում են: Իսկ թե ովքեր կլինեն բանակցության մասնակիցները, տասներորդական խնդիր է: Շատ ճիշտ է պահանջել արտահերթ ընտրություններ, եթե երկրում արդար ընտրություններ չեն եղել»,- ասել է Հայրիկյանը:
Նա նշել է, որ եթե ՀԱԿ-ն ասեր, որ անցյալում սխալ է եղել, ապա կարելի էր դրական տեղաշարժ նկատել այս գործընթացներում: «Իսկ հիմա գնում են արտահերթ ընտրությունների, որը չի լինելու: Սա նման է այն ընտրություններին, երբ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը պայքարում էին իրար դեմ, հետո միացան իրար:
Հիմա էլ եթե պայմանավորվեն ընտրությունների շուրջ, դա կլինի հետևյալը` կերակրատաշտից քեզ ինչքան տամ»,- իր տեսակետն է հայտնել Հայրիկյանը:
Ինքը` Հայրիկյանը. կգնա ընտրությունների, եթե 3-6 կուսակցությունների հետ համագործակցությամբ դաշինք ձևավորվի:
Ասուլիսի ընթացքում Հայրիկյանն ասել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի թիմի հանդեպ ամբողջությամբ հակակրանք չունի, և նշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ելույթները.
«Փաշինյանի ելույթները սկզբունքային են, լավն են, ես շատ ուշադիր հետևում եմ դրանց»:
Լուսանկարը` Azatutyun.am-ի