Այս տարի Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ միջազգային բիենալեում ներկայացված հայկական տաղավարը պաշտոնապես բացվել է արդեն երկրորդ անգամ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Epress.am-ը, հունիսի 4-ին` առաջին պաշտոնական բացմանը, տաղավարն ամբողջական չէր: Հայաստանյան տաղավարի համադրողներից մեկը` Ռուբեն Արևշատյանը, նշել էր, որ Աստղիկ Մելքոնյանի ինստալիացիայի կարևոր կոնստրուկտիվ մասը կորել էր բեռնափոխադրման ժամանակ:
Կորած մասը տեղ է հասել այս շաբաթ, և հեղինակը` Արևշատյանի և մի շարք այլ մարդկանց օգնությամբ աշխատանքը հավաքել են մեկ ամբողջության մեջ: Հայկական տաղավարի համադրողներն ու կոմիսարը ներողություն են խնդրել, որ աշխատանքը ժամանակին չի ներկայացվել, և Բիենալեի այցելուներին հրավիրել են մասնակցելու տաղավարի երկրորդ բացմանը:
Աստղիկ Մելքոնյանի «Ինչպես աշխատավարձը բաշխել մեկ ամսվա վրա» աշխատանքը նյութականացված է դիագրամների, սխեմաների տեսքով: Աշխատանքը բաղկացած է 35 թափանցիկ ուղղահայաց բլոկերից, որոնց վրա ներկայացված ամսվա 31 օրերի միջոցով հեղինակը Հայաստանում մեկ ամսվա աշխատավարձով գոյատևելու մեխանիզմներ է առաջարկում:
Այս տարվա Հայաստանյան ազգային տաղավարը «Ձևակերպումներ» խորագիրն է կրում: 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսարն է Վիկտոր Մնացականյանը: Բացի Աստղիկ Մելքոնյանից, մեր երկիրը ներկայացնող արվեստագետների թվում են Մհեր Ազատյանը և Գրիգոր Խաչատրյանը: Երեք սերնդի արվեստագետները բազմիցս ներկայացել են միջազգային խոշոր ցուցահանդեսներին, արժանացել մրցանակների՝ արժանանալով միջազգային մասնագիտական շրջանակների ուշադրությանը և բարձր գնահատակին: