Home / Հայաստան / ՄԻ պաշտպանը համագործակցելու է LGBT համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ

ՄԻ պաշտպանը համագործակցելու է LGBT համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ

Հունիսի 4-ին Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) հասարակական կազմակերպության միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագրի նպատակ է նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց (LGBT համայնք) իրավունքների պաշտպանության ոլորտում կողմերի միջև համագործակցության շրջանակ ապահովել:

Փոխըմբռնման հուշագրում նշվում է, որ համագործակցության ընթացքում կողմերի միջև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների, հետազոտությունների, առաջ քաշված առաջարկների քննարկում  է տեղի ունենալու և անհրաժեշտության դեպքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենսդրական նախաձեռնության առաջարկներ է արվելու ՀՀ կառավարությանը կամ Ազգային ժողովին:

LGBT համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտանության ոլորտում գործող կազմակերպությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերահասցեագրելու են իրենց կողմից ստացված կոնկրետ դիմում-բողոքները:

Փոխըմբռնման հուշագրով սահմանված համագործակցության ժամկետի ավարտն է 2017 թվականի փետրվարի 1-ը: