Home / Հայաստան / Իշխանությունը չի կողմնորոշվել ընդդիմության նկատմամբ կատարվելիք զիջումների հարցում. Զուրաբյան

Իշխանությունը չի կողմնորոշվել ընդդիմության նկատմամբ կատարվելիք զիջումների հարցում. Զուրաբյան

Ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության հարցում իշխանությունների լռությունը պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանը, հաշվի առնելով Կազանի մոտեցող հանդիպումները և ԼՂ հարցում հնարավոր բեկումները` դեռ չի կողմնորոշվել ընդդիմության նկատմամբ իր կողմից կատարվելիք զիջումների հարցում: Այս մասին «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Կարծում է սա մի քիչ կոնյուկտուրային մոտեցում է, բայց չեմ կարծում, որ դա հիմնավորված մոտեցում է: Այնուամենայնիվ, պետության ղեկավարները պետք է ստրատեգիական ավելի լուրջ հեռանկարային ընկալում ունենան և չպայմանավորեն իրենց զիջումները քաղաքական վայրիվերումներով, որովհետև նման դեպքում դա ավելի շատ նմանվում է շուկայական առևտրի, քան սկզբունքային քաղաքականության և ընդհանրապես,երկրում իրավիճակը լիարժեք կերպով կարգավորելու մոտեցման», – ասել է Զուրաբյանը:

Օրաթերթի լրագրողի այն հարցին, թե ինչ զարգացումներ կլինեն մինչև հունիսի 30-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքը, Զուրաբյանն ասել է.

«Զարգացումները շատ են և կապված են արտաքին այս իրադարձությունների հետ: Կարևոր է նաև, թե մինչև 30-ը ինչպիսին կլինի ռեժիմի արձագանքը. արդյո՞ք նա, այնուամենայնիվ, ինչ-որ իմպուլսներ կուղարկի կամ որոշում կընդունի, որոնք մեզ և ժողովրդին կհամոզեն, որ իշխանությունները պատրաստ են հետագա զիջումների` ժողովրդի նկատմամբ: Այս ամբողջը մենք տեսնում ենք, որ շատ արագ է փոխվում: Սա շատ դինամիկ պրոցես է, ուստի ճիշտ կլինի չշտապել և չհիմնավորված եզրակացություններ չկատարել»: