Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել է քաղաքակիրթ աշխարհի հետ առնչություն չունեցող հնդկացիների` նախկինում անհայտ ցեղ, հաստատել են Բրազիլիայի իշխանությունները: 200 հոգուց բաղկացած ղեղախմբի գոյության առաջին նշանները հայտնաբերվել են արբանյակի միջոցով, հայտնում է Associated Press-ը:
Ի սկզբանե Բրազիլիայի և Պերուի սահմանին անտառից մաքրված խոշոր տարածքներ են հայտնաբերվել, որոնք վկայում էին այն մասին, որ այդտեղ մարդիկ են ապրում: Ցեղախմբի գոյության փաստը հաստատել է ապրիլին դեպի այդ շրջան ուղարկված օդային արշավախումբը: Հնդկացիներին նկարահանել են ինքնաթիռից, որպեսզի չխախտեն ցեղախմբի կենսակերպը` փորձելով կոնտակտի մեջ մտնել նրանց հետ:
Բրազիլիայի ազգային հնդկացիական համայնքը ավանդաբար օգտագործում է օդային սարքերը մեկուսացած ցեղերին նկարահանելու համար: Ամազոնի ջունգլիներում ներկայումս 68 նմանատիպ ցեղախմբեր կան, որոնք կտրված են քաղաքակիրթ աշխարհից: