Այսօր, ժամը 13:30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվելու է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» դատական նախնական նիստը:
«Հրապարակը» նշում է, որ օրեր առաջ իրենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներից հաշտության համաձայնության առաջարկ են ստացել, որի քննարկման համար օրաթերթի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն այցելել էր «Գրիգորյան և փարթներս» իրավաբանական գրասենյակ, որը ներկայացնում է Քոչարյանի ընտանիքի շահերը:
Սակայն քննարկումն առայժմ շոշափելի արդյունքներ չի տվել, և հաշտության համաձայնությունը դեռևս կայացված չէ, գրում է օրաթերթը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում պահանջում է թերթից հերքել «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» խորագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները և փոխհատուցել 6 միլիոն դրամ, որից 3 միլիոնը՝ զրպարտության և վիրավորանքի, իսկ մյուս 3 միլիոնը՝ փաստաբանական ծառայությունների վճարի դիմաց։
Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները հատկապես վիրավորական են համարում հոդվածում տեղ գտած հետևյալ պարբերությունը. «Իսկ Քոչարյանը որքան էլ առանձնանում է գավառականությամբ, արյունռուշտությամբ, առանձնակի փայլուն անմտությամբ` ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ ոչ»: