Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները միայն Արցախի անվտանգությանը կամ միայն հայկական կողմին չեն ուղղված. դրանք կրում են ահաբեկչական բնույթ և պետք է մտահոգեն ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Մենք լրջագույն աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի խուսափենք հավանական պատերազմական գործողություններից: Ես համարում եմ, որ այս հակամարտությունը սահմանափակված չէ միայն Ադրբեջանի, Արցախի, Հայաստանի հետաքրքրություններով: Այսօրվա քաղաքակիրթ աշխարհն ունի իր պահանջները հատկապես մեր տարածաշրջանում: Ես դիտում եմ մեր գործունեությունը ոչ թե այդ ծայրահեղ քաղաքականության մեջ, այլ ընդհակառակը` մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նվազեցնենք ստեղծված լարվածությունը և փորձենք ավելի ուրիշ գործիքներ գործադրելով մոտենանք մեր հարաբերությունների պարզելուն», – ասել է Սահակյանը:
Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա, ըստ Բակո Սահակյանի, Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ և մնացած սկզբունքները հիմք են բանակցելու համար:
«Հետևաբար մենք էլ ենք ողջունում ցանկացած առաջարկություն, որը հիմք է բանակցելու համար: Եվ մենք գտնում ենք, որ այսօրվա փաստաթուղթը` եթե հնարավորություն է տալիս բանակցելու, ապա չի կարող մեր կողմից մերժվել: Եթե Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է մի փաստթաթուղթ, այսօր խոսվում է Մադրիդյան փաստաթղթի մասին, որը հնարավորություն է տալիս բանակցելու, դա դեռ չի նշանակում կողմերի համաձայնությունը: Եվ բազմիցս ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Եվ վաղը եթե կլինի այդ և մյուս փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նաև բանակցել Արցախին, մենք, իհարկե, ողջունելու ենք: Որովհետեւ փաստաթուղթը դա դեռ չի նշանակում վերջնագիր», – հավելել է Արցախի նախագահը: