ԱՊՀ երկրների միջպետական ավիացիոն հանձնաժողովը Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին օդանավակայանի արտոնագիր չի տրամադրի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը:
Նրա խոսքով` դեռ մայիսին Բաքու կատարած այցի ընթացքում, նման խոստում է տվել ԱՊՀ երկրների միջպետական ավիացիոն հանձնաժողովի նախագահը: «Նախագահը խոստացել է, որ առանց ադրբեջանական կողմի համաձայնության ԱՊՀ երկրների միջպետական ավիացիոն հանձնաժողովը որևէ աշխատանք չի իրականացնի այդ օդանավակայանի հետ: Անգամ հայկական կողմի դիմումի դեպքում օդանավակայանը արտոնագիր չի ստանա»,- Մամեդովի խոսքերն է փոխանցում ԱՊԱ գործակալությունը:
Մամեդովն ընդգծել է, որ Հայաստանի ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացման մասին Ադրբեջանի հայտարարությունները ուժի մեջ են. «Դա ադրբեջանական կողմի իրավունքն է` ըստ «ավիացիայի մասին» օրենքի: Կիրագործվի՞ արդյոք այդ իրավունքը, թե ոչ, կորոշի կառավարությունը»:
Մարտի վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը Ստեփանակերտ-Երևան չվերթի առաջին ուղևորը կդառնա: Մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքները` Սերժ Սարգսյանը նշել էր, որ նման հայտարարությունները «ահաբեկիչներին են ավելի բնորոշ և ոչ թե պետություններին»: