Home / Հայաստան / Հայաստանի չեմպիոնը խոշոր հաշվով պարտվում է սեփական հարկի տակ

Հայաստանի չեմպիոնը խոշոր հաշվով պարտվում է սեփական հարկի տակ

Հուլիսի 12-ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Չեխիայի ուժեղագույն թիմի՝ Պլզենի «Վիկտորիայի» հետ:

«Փյունիկի» երիտասարդ կազմը, որում բացակայում էր վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանը, ոչինչ չկարողացավ անել չեխերի դեմ՝ պարտություն կրելով 0:4 հաշվով: Դեռևս առաջին խաղակեսում «փյունիկցիները» 3 գնդակ բաց թողեցին, երկուսը՝ 11-մետրանոցից: Բացի դա, մի քանի անգամ Հայաստանի չեմպիոնին գոլերից փրկեց երիտասարդ դարպասապահ Կարեն Իսրայելյանը:

Երկրորդ խաղակեսում «Վիկտորիան» այլևս լուրջ ջանքեր չէր գործադրում և ընդամենը մեկ գնդակ խփեց: Հատկանշական էր «Փյունիկի» անատամ խաղին երկրպագուների արձագանքը, որոնց մի մասը խաղադաշտը լքեց դեռևս 0:2 հաշվի ժամանակ, իսկ ստադիոնից ավելի մեծ արտահոսք նկատվեց 0:3-ից հետո: Երկրպագուների հերթական խումբը ստադիոնը լքեց 0:4 հաշվի ժամանակ, և մարզադաշտում մնացին ամենահավատարիմները, որոնք էլ մինչև վերջ դիտեցին երիտասարդ «փյունիկցիների» ջախջախումը:

«Փյունիկը» Չեխիայի չեմպիոնին զիջեց բոլոր ֆուտբոլային գործոննեռրով և արդեն առաջին խաղից հետո գործնականում կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավորությունները: