ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի՝ ԿՊԶ-ի պետ Էդիկ Գալստյանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Օրաթերթի թղթակիցը փորձել է ճշտել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանից, թե ինչն է եղել Գալստյանին աշխատանքից ազատելու պատճառը:
Ի պատասխան Ներսես Նազարյանն ասել է, թե ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը ՀՀ ոստիկանապետը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն:
«Ինչի՞ համար»,- լրագրողի հարցին Նազարյանը ըստ էության չի պատասխանել` ասելով, որ գործընթացը «օրենքի սահմաններում» է:
Օրաթերթը հիշեցնում է նաև, որ Էդիկ Գալստյանն այն անձնավորությունն է, որը 2008 թվականի մարտի 1-ին ծեծի է ենթարկել «ՉԻ» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին: