Ինչպես են ամառային հանգիստն անցկացնում Հայաստանի քաղաքական գործիչները, փորձել է պարզել Epress.am-ը:
ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այս տարի ծրագրված հանգստի չի գնալու: Պատրաստվում է իր հանգիստն անցկացնել Նոյեմբերյանի մոտ գտնվող հայրենի գյուղում՝ ծնողների հետ:
Իսկ ԲՀԿ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու Գոհար Ենոքյանը` նույն կուսակցությունից, արդեն տոմսեր են պատվիրել և մեկնելու են Բուլղարիայի Վառնա քաղաքի ծովափնյա հանգստյան վայրեր:
«Ես ու Ենոքյան Գոհարը մեկնելու ենք Վառնա: Օգոստոսի 5-ին գնում ենք, 16-ին հետ ենք գալու»,- ասել է Զոհրաբյանը:
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, հավանաբար, ծրագրված հանգստի կգնա սեպտեմբերին, սակայն, ամեն դեպքում. չի պատրաստվում բացակայել Երևանից:
Հայ Ազգային Կոնգրեսի կազմի մեջ մտնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնության անդամ Զոյա Թադևոսյանը արձակուրդ չի գնա մինչև ՀԱԿ-ի` օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքը:
«Նախ` մինչև օգոստոս չեմ գնա հանգստանալու, որովհետև պետք է պատրաստվենք օգոստոսի 2-ի հանրահավաքին: Իսկ մնացած ժամանակս ինչպես կտնօրինեմ մինչև սեպտեմբերի մեկը, կախված է օգոստոսի 2-ից: Հնարավոր է, որ այդ օրը ժողովուրդը այնպիսի որոշում կայացնի, որ այլևս արձակուրդի մասին չմտածեմ», – նշել է Թադևոսյանը:
Իր արձակուրդի մասին առայժմ որոշում չի կայացրել նաև Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
«Դեռ որոշում չեմ կայացրել: Պատրաստվում ենք օգոստոսի երկուսի հանրահավաքին: Իսկ դրանից հետո պարզ կլինի», – ասել է Կարապետյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ամռանը արձակուրդ չի կարող գնալ, քանի որ նրա պաշտոնավարման 6 ամսյա ժամկետը դեռ չի լրացել, և արձակուրդի համար ֆիքսված ժամանակահատված որոշված չէ: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է ՄԻ պաշտպանի մամուլի քարտուղար Մարիամ Բարսեղյանը:
Իսկ ՕԵԿ կուսակցությունից տեղեկացանք, որ իրենց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արդեն արձակուրդում է, սակայն որտեղ է նա հանգստանում` չասացին: