Home / Հայաստան / Նորվեգացի մարդասպանը համարում է, որ ինքը հանցագործություն չի իրականացրել

Նորվեգացի մարդասպանը համարում է, որ ինքը հանցագործություն չի իրականացրել

Երկուշաբթի` հուլիսի 25-ին, Օսլոյում կայացել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի գործով առաջին նիստը: Լսումների ընթացքում դատավոր Քիմ Հեգերը վճռել է 8 շաբաթյա նախնական կալանքի ենթարկել մեղադրյալին:

40 րոպե տևած նիստը փակ ռեժիմով է ընթացել: Բրեյվիկին ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանք է առաջադրվել: AFP-ի տեղեկություների համաձայն, ահաբեկիչը չի հերքել շաբաթ օրը Օսլոյում իրականացրած պայթյունի և նույն օրը Ուտոյա կղզում կրակոցների իրականացման փաստը, սակայն իր գործողությունները չի որակել որպես հանցագործություն: Մեղադրող դատախազը նշել է, որ Բրեյվիկը բացարձակապես ազդված չէ այն ամենից, ինչ իրականացրել է:

Բրեյվիկի խոսքով, իր նպատակը ոչ թե առավելագույն թվով մարդկանց ոչնչացնելն էր, այլ «հասարակությանը հզոր ազդակ ուղղելը», գրում է AP գործակալությունը: Բացի դա, նա պնդում է, որ իր գործողություններով ցանկանում էր «փրկել Եվրոպան»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ահաբեկիչը տեսանյութ է տեղադրել համացանցում, ինչպես նաև 1500 էջանող մանիֆեստ է տարածել, որով կոչ է անում պայքարել Եվրոպայի մահմեդականացման, ինչպես նաև մարքսիզմի դեմ: