«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրել է եկեղեցու և եկեղեցու առաջնորդի նույնականացման խնդրի մասին.
««Վեհին (այսինքն`Վեհափառին-Ա.Ա.) դու ճանաչում ես անձամբ` փառասեր, փողասեր, ժլատ, ապիկար, թույլ. ինչ ասում են, կատարում է: Շենքեր`նորանոր, այստեղ-այնտեղ ցրված`քարակոփ, բայց ներքին շենքերը, վանքի գործերը`ավերակ»: Այս խոսքերը գրվել են Ամենայն հայոց կաթողիկոսի մասին: Իսկ գնահատականի հեղինակն է Կոմիտաս վարդապետը: Ցասումով լի այս բառերը նա գրել է Արշակ Չոպանյանին (20-րդ դարի սկզբին գործող գրող, հասարակական գործիչ – Epress.am) ուղղված իր նամակում: Արդյոք Կոմիտասը մտադրություն ունե՞ր տկարացնելու հայ ժողովրդի հոգևոր միասնականությունը: Կամ`ո՞վ է ավելի մեծ ավանդ բերել մեր հոգևոր մշակույթին`վարդապե՞տը, թե՞ կաթողիկոսը:
«L’Etat c est moi» ,«պետությունը ես եմ»` այս արտահայտությունը վերագրվում է ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորին և դարձել է թևավոր խոսք. երբ մարդը տառապում է անսահման սնապարծությամբ , նա իրեն նույնականացնում է այն հաստատության հետ , որը ղեկավարում է: Այդպես`ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոսն (Գարեգին Բ –Epress.am) իր անձը անհամեստորեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ: Ստացվում է, որ նրանք, ովքեր քննադատում են այդ մահկանացուներին, իրականում հարձակվում են եկեղեցու վրա և ընդհանրապես ` հայ ազգի թշնամիներն են:
Վեհափառը, բնականաբար, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, ով ընտրել է քննադատությունից պաշտպանվելու այս, մեղմ ասած, խոցելի ձևը: Երկրագնդի գրեթե բոլոր աշխարհիկ և հոգևոր իշխանավորները միշտ էլ դա էին պնդում, և երբ ձեռները ճար էր լինում, այրում էին, բանտ էին շպրտում, գնդակահարում էին նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն` ոչ թե որպես իրենց անձնական ընդդիմախոս, այլ որպես ազգի, պետության, կրոնի կամ գաղափարախոսության թշնամիներ: Հայաստանի նորագույն պատմությունը նույնպես ունի իշխանավորների`նման մոտեցման վառ օրինակներ: Այս պահին միտս եկավ բազմաթիվ դեպքերից մեկը. երբ 2003 թվականի հերթական կեղծված ընտրություններից հետո Եվրոպայի խորհրդում այն ժամանակվա ընդդիմադիրներ Արտաշես Գեղամյանն ու Շավարշ Քոչարյանը նպաստել էին այդ կեղծիքները դատապարտող բանաձևի ընդունմանը, իշխանությունն իր «կոմսոմոլներին» ուղարկել էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի այդ պատգամավորներին ընդունել դավաճանության մեղադրանքներ պարունակող պաստառներով: Ստացվում է, որ ընտրություններ կեղծելը պետության համար բարիք է, իսկ դա արձանագրելը`չարիք: Այդպես էլ այս դեպքում` ամեն ինչի`«Մոսկվա» կինոթատրոնի, սուրբ Կաթողիկե եկեղեցու շրջակայքի , մշակութային հաղորդումներ հեռարձակող պետական հաճախականության վրա «աչք տնկելը» չի վարկաբեկում մեր եկեղեցին, իսկ դրա մասին խոսելը վարկաբեկում է»: