Home / Հայաստան / ՕԵԿ-ի տարածքային կառույցները և 100 հազար անդամները. պատմում է կուսկացության փոխնախագահը

ՕԵԿ-ի տարածքային կառույցները և 100 հազար անդամները. պատմում է կուսկացության փոխնախագահը

Այս պահի դրությամբ «Օրինաց երկիր» կուսակցությունը համալրում են 100 հազար ՀՀ քաղաքացիներ, սակայն ամեն օր տեղի են ունենում նոր անդամագրումներ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Շահգելդյանը նշել է, որ ավելանում է նաև ՕԵԿ տարածքային կառույցների թիվն ինչպես Երևանում, այդպես էլ` մարզերում:

Epress.am-ի այն հարցին, թե արդյոք ՕԵԿ տարածքային կառույցների թվի ավելացումը մարզերում պայմանավորված է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններով, Շահգելդյանը պատասխանել է.

«Մեր կարգախոսն է՝ «Սնուցում արմատներից». շարժվելով այդ կարգախոսով՝ մենք կուսակցաշինությամբ են զբաղվում ոչ միայն մայրաքաղաքում, այլ Հայաստանի բոլոր մարզերում: ՕԵԿ-ն տարածքային կառույցներ ունի Հայաստանի բոլոր մարզերում, ուղղակի պայմանավորված մեծ թվով անդամագրումներով՝ ավելանում են տարածքային կառույցները»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (կեղծանունը` Ճոյտ) անդամակցելու է ՕԵԿ-ին` Շահգելդյանն ասել է.

«Ես խոսում եմ ընդհանուր կուսակցաշինության մասին, և եթե նկատեցիք անձնավորված չեմ խոսում, իսկ թե ինչ կլինի ապագայում, կտեսնենք»:

Epress.am-ի հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել է, որ Հակոբ Հակոբյանը չի հանդիսանում ՕԵԿ-ի անդամ, կուսակցության շարքերը համալրել է նրա որդին: