Գրողների միության երիտասարդ անդամները ստորագրահավաք են նախաձեռնել ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի դեմ և մտադիր են ստորագրությունների համապատասխան թվաքանակի դեպքում նրանից պահանջել համագումար հրավիրել, որտեղ կքննարկվի նրա հրաժարականի հարցը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Նման բան չկա, մի հավատացեք, որովհետև գիշերը ինչ-որ մեկը զառանցագին երազներ է տեսնում, հետո էլ նստում-խոսում է դրանց մասին»,-թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լևոն Անանյանը` դա անվանելով հերթական սուտ խոսակցություններից մեկը:
«Ջահել գրողների համար այնքան գործ է արվել իմ նախագահության օրոք, որ որևէ մեկը չի կարող նման ստորագրություն անել, դա բացառվում է: Դրանից հետո իմ քարտուղարը բոլորի հետ մեկառմեկ խոսել է, և բոլորը մենակ երախտիքի խոսքեր են ասել»,-նշել է Անանյանը:
Թերթն իր հերթին է գրում է, որ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են «բերման ենթարկում» երիտասարդ գրողներին ու խոսեցնում, եթե ստորագրահավաքի փաստը իրական չէ: