Մարտ ամսին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ներկայումս կալանավորված է, դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով իր նախկին քրեական գործով կրած նյութական, բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև պահանջ էր ներկայացրել դատարան` պարտադրել վարույթն իրականացնող մարմնին գրավոր ներողոթյուն հայտնել, որը քրեական դատավարության պահանջն է: Epress.am-ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասել է, որ իրենք ստացել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Հրաչիկ Սարգսյանի գրությունը, որով, ըստ էության, ոստիկանությունը որը պատասխանող էր այդ պահանջով, գրավոր հայտնում է իր ներողությունը:
«Այսինքն` Տիգրան Առաքելյանից ոստիկանությունը, մասնավորապես, ներողություն է խնդրել` ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար: Այստեղ երկու բան կարելի է նշել: Տիգրան Առաքելյանն ամբողջ քրեական հետապնդման ընթացքում մշտապես պնդել է, որ ինքը անմեղ է եղել ու իր նկատմամբ է բռնություն իրականացվել: Այս նամակով, ըստ էույթյան, հաստատվում է այն փաստը, որ ոչ թե Տիգրան Առաքելյանն էր ոստիկանին հարվածել, այլ ոստիկաններն էին Տիգրան Առաքելյանին ծեծել: Եվ երկրոդ` սրանով մեկ անգամ ևս Տիգրան Առաքելյանը հասավ իր նպատակին` ապացուցելով որ ոստիկանապետի` իր հասցեին արված հայտարարությունները խախտել են Առաքելյանի անմեղության կանխավարկածը: Եվ վերջին դեպքը, ըստ էության, այս հին «բարեկամության» արդյունքն էր` Տիգրան Առաքելյանի ու ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի», – ասել է Արմեն Խաչատրյանը: