Այսօր Երևանի ժամանակով 22:00-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Սլովակիայի Ժիլինա քաղաքում վերջին մարզումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Սլովակիա խաղից առաջ:
Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել: Էդգար Մալաքյանը և Մասիս Ոսկանյանը, ովքեր սեպտեմբերի 2-ին կայացած Անդորրա-Հայաստան հանդիպման ժամանակ պահեստայինների նստարանին էին (Մալաքյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում), թիմի հետ չեն մեկնել Սլովակիա:
Մալաքյանն ու Ոսկանյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մեկնել են Չեխիա, որտեղ մեր թիմը Եվրո-2013-ի ընտրական փուլում կմրցի տեղի հավաքականի հետ:
Նրանց փոխարեն հայտավորված 18 ֆուտբոլիստների կազմում կհայտնվեն Անդորրայի հետ խաղում որակազրկված Յուրա Մովսիսյանը և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, ով նախորդ խաղում դուրս էր մնացել հայտացուցակից:
Հիշեցնենք, որ Հայաստանը 11 միավորով B խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը: Սլովակիան ու Իռլանդիան ունեն 14 միավոր, իսկ Ռուսաստանը` 16: