Հանրային Հեռուստաընկերությունը կշարունակի բարձր պահել իր հաղորդումների վարկանիշը, որի շրջանակներում, մասնավորապես, սեպտեմբերի 21-ից «Հայլուր» լրատվականի հիմնական թողարկումը կվարեն Արտակ Հերիքյանը և «Շանթ» հեռուստաընկերության լուրերի թողարկման նախկին հաղորդավար Նվեր Մնացականյանը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը խոսել է հեռուստատեսության նոր եթերաշրջանի մասին:
«Նվեր Մնացականյանը, բացի լուրերի թողարկումից, կվարի նաև «Հարցազրույց» հաղորդումը, որը եթեր կհեռարձակվեն ամեն օր: Հանրային հեռուստատեսությունը կշարունակի վավերագրական ֆիլմերի արտադրությունը, սեպտեմբերի 21-ին դուք կարող եք տեսնել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, և տարվա ընթացքում կլինեն առնվազն 10-12 նոր ֆիլմեր»,- ասել է Հարությունյանը:
Նա նշել է, որ նոր եթերաշրջանում սոցիալական սուր խնդիրներին վերաբերող նոր հաղորդում է հեռարձակվելու, ինչպես նաև շարունակվելու են «Աննա» և «Հրեշտակների դպրոց» սերիլաները:
«Մեկ այլ սերիալի համար` մոտ 22 սերիաներով, որը պատմելու է քրիստոնեության մասին` թե ինչպես է այն մուտք գործել Հայաստան, արդեն մշակվում է սցենարը, ուսումնասիրվում է դրա նկարահանման տեղանքը: Ինչպես նաև կլինեն նոր սերիալներ, բայց ավելի մանրամասն առայժ չեմ կարող ասել»,- նշել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը: