Սեպտեմբերի 15-ին Երևանի վարչական դատարանում տեղի է ունենալու համահայցվորներ «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունների ներկայացուցչի և բողոքաբեր «Պրեզումպցիա» ՍՊԸ տնօրեն Լևոն Օհանյանի հայցն ընդդեմ ՀՀ Բնապահպանության նախարարության: Հայցում նախարարությունը մեղադրվում է անգործության մեջ, իսկ խնդրո առարկան է Երևանի Կոմիտասի այգում կառուցված «Դիլֆինարիումը», որը բնապահպանները պահանջում են փակել:
Առաջին դատական լսումից առաջ հայցի առնչությամբ Epress.am-ը զրուցել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի հետ:
Վերջինս պատմել է, որ իրենց առաջին ներկայացրած հայցը վարչական դատարանը մերժել է վարույթ վերցնել գործը:
«Դելֆինարիումի կառուցումից ի վեր մենք բազմաթիվ նամակներ ենք ուղղել թե քաղաքապետարան, թե բնապահպանության նախարարություն, սակայն ոչ մի տեղից [դելֆինարիումի կառուցման օրինականության հետ կապված] հստակ, փաստարկված պատասխան երբեք չենք ստացել: Նախարարությունից մենք խնդրել էինք, որպեսզի շրջակա միջավայրի հետազոտություն անցկացնեն և գնահատման փաստաթուղթ տրամադրեն, որպեսզի փաստարկված և օրինական հիմքեր լինեին շենքի կառուցման համար: Սակայն նախարարությունից մեզ կարճ պատասխան ստացանք` «այդ տարածքը ենթակա չէ շրջակա միջավայրի գնահատման և հետազոտության»: Այս պատասխանն ունենալով` դիմեցինք վարչական դատարան, սակայն դատարանը մերժեց` ասելով, որ մենք պաշտոնապես պարտադրանք նամակ հղենք նախարարությանը, որպեսզի անցկացվի այդ հետազոտությունը: Այս անգամ էլ նախարարությունից նույնատիպ պատասխան ստացանք»,- պատմել է բնապահպանը:
Արդեն հիմք ունենալով պաշտոնական նամակը, բնապահպանները երկրորդ անգամ են դիմել վարչական դատարան, և այս անգամ արդեն նրանց հայցը վերցվել է վարույթ:
Ադամյանը նշել է, որ իրենք դատարան են ներկայացրել ամերիկյան «Կենդանիների կյանք» գիտահետազոտական կենտրոնի փաստարկները, համաձայն որոնց Հայաստանը չունի այն բնակլիմայական պայմանները, որպեսզի այստեղ կարողանան դելֆիններ ապրել:
«Ինչպես նաև ներկայացրել ենք Հայաստանի տարբեր փորձագետների և բնապահպանների հիմնավորումները, որոնք վկայում են, որ Հայաստանը հնարավորություն չունի դելֆիններ պահել»,- հավելել է Ադամյանը:
Նա ասել է նաև, որ իրենք բազմիցս դիմել են «Դելֆինարիում»-ի տնօրինությանը մոնիտորինգ անցկացնելու խնդրանքով:
«Մենք ցանկանում էինք մոնիտորինգ անցկացնել, ստուգել պայմանները, դելֆինների առողջական վիճակը, սակայն մեզ մերժում են: Չեմ դիմանա, պիտի ասեմ, լրիվ «շարաշկինա կանտորա» է (հիմնարկ, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչով է զբաղվում – խմբ.): Միայն հեռախոսազրույցում մի աղջիկ մեր հարցերին պատասխանել է և ասել, որ ավազանը ծովի ջրով չէ, միայն ավելացումներ են անում, դելֆինների առողջական վիճակը հազվադեպ է ստուգվում, որովհետև մասնագետները այլ երկրներից են ժամանում»,- պատմել է մեր զրուցակիցը:
Ադամյանն ասել է, որ եթե հայաստանյան ատյաններում իրենք հաջողության չհասնեն և «Դելֆինարիումը» չփակվի, իրենք պատրաստ են միջազգային դատական կառույցների դիմել:
«Բոլորս էլ գիտենք ինչ է կատարվում Հայաստանում, բայց գոնե մի անգամ արդարությունը պիտի՞ հաղթի, թե՞ ոչ»,- ասել է նա: