Երեկ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ավագանի Նաիրա Հայրապետյանը Կարեն Կարապետյանին հարց է ուղղել, որը վերաբերում էր Տպագրիչների փողոցում գտնվող «Ամստերդամ» գիշերային ակումբին, որն իր գործունեությամբ խանգարում է հարակից շենքերի բնակիչների անդորրը:
Ինչպես տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը, Հայրապետյանը հայտարարել է հետևյալը. «Ամբողջ շենքը դժգոհում է, որ իրենց հանգիստը խանգարվում է: Քաղաքապետարանը ի՞նչ է մտածում այս ուղղությամբ: Նորմալ երկրներում գիշերային ակումբները մի շրջանում են կենտրոնացված»:
Քաղաքապետը հակադարձել է, թե` հեչ էլ նորմալ չի, երբ նմանատիպ ակումբները կենտրոնացված են մի տեղում: Թերթը նշում է, որ ավագանու անդամներին «զվարճացրել է մայրաքաղաքի ղեկավարի հումոր-ռեպլիկը, որից նա ավելի ոգևորվելով շարունակել է»:
«Կազինոները քաղաքից դուրս հանենք, նաչնոյ կլուբները քաղաքից դուրս հանենք, արտադրությունները քաղաքից դուրս հանենք…Բացօթյա առևտուրը թողնենք, կրպակները թողնենք, կաֆեները թողնենք, հա՞: Բայց ինչի՞, կարող ա՞ պետք ա, չէ՞, որ նաչնոյ կլուբը մեր քաղաքում ա: Վատ քաղաք ա՞», – ասել է Կարապետյանը: