ՀՀ քաղաքացի Մարինա Պողոսյանն այսօր բաց նամակ է տարածել, որն ուղղված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում Պողոսյանը նշում է, որ ստիպված է դիմել երկրի ղեկավարին, քանի որ այլևս անկարող է միայնակ պայքարել Ազգային անվտանգության ծառայության համակարգի դեմ:
Պողոսյանը նշում է, որ իր խնդիրները սկսվել են նրանից հետո, երբ իր մեքենան բախվել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի ավտոմեքենայի հետ: Դեպքը տեղի է ունեցել ԱԱԾ շենքի դիմաց:
«Ավտովթարից րոպեներ անց մեզ շրջապատեցին ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ, որոնք պնդում էին, թե իրենց գործընկերը մեղավոր չէ, նրանք միաձայն կրկնում էին, թե բոլորն էլ միշտ այդ կերպ են շրջադարձ կատարում փողոցում, որի պատճառով էլ տեղի էր ունեցել բախումը: Նույն օրը ես հանդիպեցի Նարեկ Թումանյանի հետ` պատճառված վնասի հատուցման հարցերը քննարկելու համար: Նա ինձ սրճարանում դիմավորեց երկու տղամարդկանց հետ, որոնց ներկայացրեց որպես իր պետեր: Նրանցից մեկն ինձ վախեցնում էր, հարցնում էր` դու գիտե՞ս, թե մենք ով ենք: Հետո ասացին, թե 2000 դոլար տուր, հակառակ դեպքում սպառնացին, որ բժշկից տեղեկանք կվերցնեն, թե Նարեկը ուղեղի ցնցում է ստացել ավտովթարի արդյունքում, և ես խնդիրներ կունենամ: Դրանից հետո ես բազմիցս դիմել եմ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, թե ընդունելության խնդրանքով, թե մանրամասն տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին: Նրանից երբեք չեմ ստացել պատշաճ արձագանք, ուստի խնդրում եմ, այս դիմումս չմակագրել ԱԱԾ պետին», – գրում է Պողոսյանը:
Նամակում նա ընդգծում է, որ դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության ՃՈ հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերն ապացուցել են, որ ավտավթարի միակ մեղավորը ԱԱԾ աշխատակիցն է:
Համաձայն դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության` իր գործողություններով Նարեկ Թումանյանն է ստեղծել վթարային իրադրություն` զրկելով ինչպես իրեն, այնպես էլ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Պողոսյանը նշում է, որ ԱԱԾ աշխատակիցը չի բողոքարկել այս եզրակացությունը` ըստ էության համաձայնելով դրա հետ կամ վստահ լինելով, որ միևնույնն է` դատարանն ԱԱԾ-ի դեմ վճիռ չի կայացնի:
Տվյալ փաստաթուղթն էլ հիմք ընդունելով` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հօգուտ Պողոսյանը վճիռ էր կայացրել, որը սակայն բեկանվել է ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից:
Բաց նամակի հեղինակի խոսքով` դատարանում ունեցած իր աղբյուրները նախօրոք իրեն տեղեկացրել էին, որ թեև օրենքով ինքը ճիշտ է, սակայն իրենք չեն կարող ԱԱԾ աշխատակցի դեմ որոշում կայացնել: Նրանք նաև խորհուրդ են տվել Պողոսյանին չդիմել Վճռաբեկ դատարան` այդ քայլն անիմաստ համարելով:
Պողոսյանը, այնուամենայնիվ, դիմել է Վճռաբեկ դատարան, սակայն մերժվել է: Այժմ գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան` վերաքննության: Պողոսյանը նշում է, որ ինքը վիրավորված է որպես ՀՀ քաղաքացի ինչպես իր շահերի ոտնահարման, այնպես էլ ԱԱԾ ինչ-որ աշխատակցի պատճառով Հայաստանի Հանրապետության հեղինակազրկման համար:
«Թույլ մի տվեք, որ իր պաշտոնեական դիրքը չարաշահող երիտասարդը հեղինակազրկի մեր երկրի և Ձեր անունը», – նամակը եզրափակում է Պողոսյանը: