ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին, որտեղ նախատեսվում է ՀՀ նախագահի ելույթը: Այցի ընթացքում նախագահը հանդիպում կունենա նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Նյու Յորքում և այնուհետև Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Լոս Անջելեսում Հանրապետության նախագահը կմասնակցի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին:
Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: