Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հանդիպման ընթացքում վերջինս նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, և այցի ձևաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը:
Նիկոլա Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ լինելու է նրա կողքին: Նա ողջունել է ՀՀ նախագահի գլխավորությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները:
Սերժ Սարգսյանը նշել, թե ուրախ է, որ իր այցը Ֆրանսիա կայանում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ:
«Մենք հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ և անչափ կարևորում ենք մեր երկու երկրների միջև ձևավորված սերտ կապերը», – ասել է Սերժ Սարգսյանը:
Աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին: