Ռուսաստանի` Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` դիրիժորի պաշտոնանկությունը պայմանավորված է վերջերս Չայկովսկու անվան փառատոնից հետո նվագախմբում ծավալված սկանդալով: Ավելի վաղ նա խոստացել էր դատի դալ Մշակույթի նախարարությանը, եթե իրեն ազատեն աշխատանքից:
Երաժիշտը վերջերս հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կենտրոնում, երբ Չայկովսկու անվան մրցույթի ժամանակ հրապարակավ վիրավորել էր Հայաստանը ներկայացնող թավջութակահար Նարեկ Հախնազարյանին:
Հունիսի 25-ին` Նարեկ Հախնազարյանի փորձի ժամանակ, Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի` ինչ է նվագում մեզ ներկայացված այդ տաղանդը, այդ աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Այս հայտարարությունը վիրավորել էր փորձին ներկա լրագրողներին, որոնց շնորհիվ միջադեպը արձագանք էր ստացել հասարակության շրջանում: Բացի դա, փորձի նկարահանվում էր և հեռարձակվում ողջ աշխարհով մեկ:
Ավելի ուշ Նարեկ Հախնազարյանն ընդունել էր իր հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տված դիրիժորի ներողությունը: