Home / Հայաստան / Աբրահամյան. Հաջորդ անգամ աստղերից հարցրեք ղարաբաղյան խնդրի լուծման մասին

Աբրահամյան. Հաջորդ անգամ աստղերից հարցրեք ղարաբաղյան խնդրի լուծման մասին

Արամ Աբրահամյանը «Առավոտ» թերթի իր խմբագրականում անդրադարձել է աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի` երեկ Երևանում կայացած սկանդալային ասուլիսին.

«Ցանկացած երկիր և ցանկացած ժողովուրդ ունի իր «բրենդը»` նյութական կամ հոգևոր մշակույթի երևույթներ, որոնց միջոցով այդ ժողովրդին ճանաչում են աշխարհում: Օրինակ, ֆրանսիացիների Էյֆելյան աշտարակը, շվեյցարական շոկոլադը, ռուսական «մատրյոշկաները» և այլն: Այդ «բրենդներն» ունեն խորության կամ լրջության տարբեր մակարդակ: Աշխարհի հասարակ բնակիչների համար Գերմանիան գուցե նրբերշիկի կամ գարեջրի հետ է ասոցացվում, իսկ զարգացած մարդկանց համար` Գյոթեի: Թե նրբերշիկը և թե մեծ բանաստեղծը այդ երկրի ծնունդ են, և գերմանացիների մի քանի սերունդ ակամա կամ գիտակցաբար նպաստել է նրան, որ իրենց երկիրը ճանաչելի դառնա հենց այս խորհրդանիշներով:

Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ հայերս, այդ ուղղությամբ: Բնազդային, ենթագիտակցաբար դրսևորումները մի կողմ թողնենք և դառնանք գիտակցված, նպատակաուղղված ջանքերին: Հայկական կոնյակն, անշուշտ, «բրենդ» է` չնայած այդ խմիչքն արտադրող գործարանի վաճառքի հետևանքով այն փոքր-ինչ խամրեց: Արարատ լեռը, բնականաբար, մեր բրենդն է` որքան էլ թուրքերը դրա դեմ բողոքեն: Չի կապվում բիբլիական այդ սարը թուրքական մշակույթի հետ` չնայած այս պահին գտնվում է թուրքական պետության տարածքում: Բրենդ է, իհարկե, Շառլ Ազնավուրը` Աստված նրան երկար կյանք տա: Աշխարհին մեր ազգը պետք է մատուցել նման պոզիտիվ, հպարտության առարկա հանդիսացող երևույթներով: Ցեղասպանությունը դրանց շարքին չի պատկանում: Այդ աղետալի իրադարձության մասին, իհարկե, արժե խոսել պատեհ առիթներով, արժե մարդկության խիղճը արթուն պահել, որ նա հիշի 20-րդ դարի ոճրագործության մասին: Բայց մեր ցավի մասին իմանալ-չիմանալը չարժե սարքել «թեսթ» ցանկացած օտարերկրացու համար: Դրանով մենք մեզ մի տեսակ նսեմացնում ենք, խեղճուկրակ ենք դարձնում: Այդ արտասահմանցին կարող է շատ լավ ֆուտբոլիստ, երգիչ, գիտնական կամ փաստաբան և, գումարած դրան` պարկեշտ մարդ լինել, բայց ոչ մի բան չիմանալ ցեղասպանության մասին:

Աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի` երեկվա ասուլիսին մասնակցած մեր լրագրողները [համենայն դեպս, նրանց մի մասը] հաստատ ոչ մի բան չգիտեին նրա կատարած երգերի և օպերային արիաների մասին` չնայած կարող էին, չէ՞, մի կես ժամ ծախսել և ինտերնետի միջոցով գոնե որոշ պատկերացում կազմել: Երաժշտի մասին որևէ տեղեկատվություն չունենալով` նրանք, այնուամենայնիվ, ցանկություն հայտնեցին հարցեր տալու, այդ թվում` «հայրենասիրական» երանգավորումներով. «Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին» [շաբլոն, բայց ծայրահեղ դեպքում ընդունելի հարց է]: «Գիտեմ Շառլ Ազնավուրին» [նշում է մեր «բրենդերից» մեկը]: «Իսկ ցեղասպանության մասին գիտե՞ք» [այսինքն` գիտե՞ք, որ մեր գլխավոր առանձնահատկություններից մեկը 100 տարի առաջ ջարդված-կոտորված լինելն է]: Հյուրախաղերին նվիրված ասուլիսում նման հարցին ինչ պատասխան էլ տաս, հիմարություն կստացվի: Տվյալ դեպքում հայերի նկատմամբ ամենահարգալից վերաբերմունքի արտահայտությունը կլինի լռությունը:

Հաջորդ անգամ, երբ Հայաստան հյուրախաղերով գա համաշխարհային աստղ, հարցրեք նրան` ինչպես է նա տեսնում ղարաբաղյան հարցի լուծումը»»: