Գրականության ասպարեզում 2011 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել շվեդ բանաստեղծ Թումաս Թրանսթրեմերը: Նա հեղինակավոր մրցանակի է արժանացել հետևյալ որակումով. «նրա ընդգրկուն, թափանցիկ կերպարների միջոցով մենք կարողացանք իրականությունը նորովի տեսնել»: Նոբելյան մրցանակակրի անունն այսօր հայտարարվել է Ստոկհոլմում:
Բուքմեքերների գնահատմամբ` Թումաս Թրանսթրեմերն այս տարվա հաղթանակի հավակնորդների ֆավորիտներից էր: Մրցանակին արժանանալու շանսեր ուներ նաև սիրիացի բանաստեղծ Ադոնիսը և ճապոնացի գրող Խարուկի Մուրակամին:
Մրցանակակիրը 1,5 միլիոն դոլար կստանա: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին:
Անցյալ տարի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի էր արժանացել պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան: