Սեպտեմբերի 24-ին, Երևանի կենտրոնից`Ազատության հրապարակից, երեք երիտասարդներ խաբեությամբ առևանգել են հրապարակում զբոսնող 17-ամյա մի աղջկա, 6 օր պատանդ պահել և սեռական բռնության ենթարկել նրան: Այսօր այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը`հավելելով, որ մինչ օրս ոստիկանությունը դեպքի առնչությամբ գործ չի հարուցել:
Հասկանալի պատճառներով զոհի անունը չհրապարակելով`թերթը գրում է, որ վերջինս երկկողմանի ծնողազուրկ է, 2006 թվականին ապրել է Հայաստանի մանկատներից մեկում, պարբերաբար ապրել է նաև հորաքրոջ տանը: Սեպտեմբերի 22-ին մանկատանը աղջկա և իր ընկերների միջև մեծ վեճ է եղել, քանի որ նրան կասկածել են ինչ-որ գումարի անհետացման մեջ: Հորաքրոջը`Կիմա Հակոբյանին ավելի ուշ աղջիկը պատմել է, որ մանկատան իր ընկերներն իրեն ծեծի են ենթարկել ու ստիպել, որ ընդունի, թե գումարը ինքն է վերցրել ու ծախսել: Վեճից ու ծեծկռտուքից հետո աղջիկը դուրս է եկել մանկատնից, իբր դպրոց գնալու պատրվակով, սակայն այլևս չի վերադարձել: Ավելի ուշ նա հորաքրոջը պատմել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, և այդ մասին մտածելով երկու օր շրջել է Ազատության հրապարակում: Իսկ սեպտեմբերի 24-ին նրան են մոտեցել երեք երիտասարդներ: Նրանք նախ զրուցել են, այնուհետև ասել են, որ ցանկանում են աղջկան օգնել ու աշխատանք են առաջարկել: «Միամիտ երեխային խաբելով նստեցրել են մեքենան և տարել Քանաքեռ-Զեյթունում` «Ալմաստ» գործարանի մոտ գտնվող խոնավ, կիսաքանդված մի տուն ու մի քանի օր նրան այդտեղ են պահել»,-պատմել է աղջկա հորաքույրը:
Նա նշել է, որ զարմուհու անհետացման մասին տեղեկացել է մանկատան դաստիարակի զանգից, այնուհետև սկսել է փնտրել աղջկան, սակայն չգտնելով նրան դիմել է ոստիկանություն: Հակոբյանը հայտնել է, որ ոստիկանությունը նախ չի ցանկացել անդրադառնալ իր ահազանգին , սակայն իր համառության շնորհիվ ի վերջո որոնողական աշխատանքները են սկսվել:
Վեց օր աղջկանից տեղեկություններ չեն եղել: Վեցերորդ օրը երիտասարդները աղջկան տարել են սիրահարների այգի և ազատ են արձակել: Հակոբյանը ասել է, որ աղջկա անհետացման մասին հաղորդել է ոստիկանության «02» հաղորդաշարը, ինչը տեսնելով`հանցագործները վախեցել են և որոշել են «քանի շուտ է`ազատվեն խնդրից»: Ազատ արձակվելուց հետո աղջիկը պատմել է, որ իրեն առևանգող երիտասարդները երեք հոգի էին 17-19 տարեկան, նրանցից մեկի անունը Նարեկ է: Նա պնդում է, որ այդ երիտասարդներին երբևէ տեսած չի եղել:
«Մի քանի օր առաջ էդ տղան զանգեց աղջկան. սկսեց գռեհիկ, փողոցային ձևով խոսել, ասել, որ ոստիկաններին ոչ մի բան չպատմի: Այսինքն, ստացվում է, որ նա դեռ ազատության մեջ է, ազատ շրջում է, ինչ ուզում`անում է: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ոստիկանությունը չի ցանկանում զբաղվել այս գործով», – թերթի թղթակցի հետ զրույցում իր մտավախությունն է հայտնել Կիմա Հակոբյանը::
Կինը պատմել է նաև, որ աղջիկն այժմ գտնվում է մանկատան երևանյան մասնաճյուղում է, շատ ընկճված է ու հոգեբանական լուրջ խնդիրներ ունի, սակայն արդեն այցելել է ոստիկանություն և ամենայն մանրամասնությամբ պատմել է իր հետ տեղի ունեցածը, նաև ցույց է տվել այն տունը, որտեղ իրեն պահել են վեց օր:
Ոստիկանությունից օրաթերթին հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ, և մի քանի օրից պարզ կլինի` կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ: