«Իռլանդիայի Հանրապետություն` 2, Հայաստան`1: Ջովաննի Տրապատոնիի տղաները նվաճեցին փլեյ-օֆի ուղեգիրը, բայց սա ավելի շատ հայկական ողբերգության պատմություն էր, քան իռլանդական հզորության: Այս մասին Belfast Telegraph պարբերականում գրում է Դենիել ՄըքԴոնելը:
Դուբլինի և խոշոր մրցաշարի հաճույքը ճաշակելուց զրկած փոքրիկ երկրի նկատմամբ իրականացված մրցավարական հանցագործության մասին հայերը կխոսեն այնպես, ինչպես այս կողմերում վետերանները խոսում են Հեյզելում և Սոֆիայում տեղի ունեցած անարդարությունների մասին, գրում է Դենիել ՄըքԴոնելը:
Հեղինակը մեջբերում է նաև Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնիի խոսքերը, ով հանդիպումից հետո խոստովանել է, որ հայերը լավ հանդես եկան:
«Գուցե, պետք է նորից դիտեմ խաղը տեսագրությամբ: Պետք է ընդունեմ, որ նրանք լավ խաղացին ու շատ էին տիրում գնդակին», – Հայաստանի հավաքականի մասին ասել է Տրապատոնին` միևնույն ժամանակ նշելով, որ հայերը իրենց դարպասապահի համար որևէ վտանգավոր պահ չստեղծեցին:
«Այո, Ռուսաստանում բախտը ժպտաց մեզ, բայց այս երեկո ես նման բան չեմ հիշում»,- ասել է Տրապատոնին:
«Միգուցե, տեսագրությունն այլ բան պատմի, բայց եթե Իռլանդիան նման կերպ պարտվեր, նրանք վերախաղարկում կպահանջեին:
Տրապատոնին կոչ էր արել իր թիմին խաղը սկսել այնպես, ինչպես Անդորրայի հետ: Նրանք փորձեցին, բայց չհաջողվեց: Մրցակիցը Անդորրան չէր»,- եզրափակում է ՄըքԴոնելը: