Արտահերթ նախագահական ընտրություններն առանց նախագահի հրաժարականի հնարավոր չեն, ուստի այդ պարագայում արտահերթ նախագահական ընտրությունների և նախագահի հրաժարականի պահանջը նույն բանն է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, ՌԱՀՀԿ կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը` խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի պահանջի փոփոխության մասին:
Նա հավելել է, սակայն, որ կոնկրետ դեպքում ՀԱԿ-ը պահանջում էր արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և չէր բարձրաձայնում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:
«Դա նշանակում էր, որ ՀԱԿ-ը պատրաստ էր իր պահանջների առումով որոշակի զիջումների գնալ, օրինակ, համաձայնվել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ առնվազն առկախելով արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը», – ասել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այդ առնչությամբ նշել էր, որ պահանջի փոփոխությունն էական նշանակություն ունի:
«Արտահերթ ընտրությունների պահանջն իր մեջ պարունակում էր բանակցություններ, քննարկումներ, երկկողմանի գործընթաց էր դա, որը տեղավորվում էր երկխոսության գործընթացի մեջ: Մի խոսքով` դա գործընթաց էր, որի մասնակից կողմերը երկուսը կարող էին լինել` Հայ Ազգային Կոնգրեսը և իշխանությունը: Իսկ անհապաղ հրաժարականը գործընթաց է, որը բանակցություններ, երկխոսություններ չի պարունակում իր մեջ: Դու այդ դեպքում ավելի կոշտ ես, դու միայն պահանջում ես անվերապահ հրաժարական և վերջ: Մենք արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվեցինք շատ պարզ պատճառով` մենք այլևս չենք ուզում բանակցել այն իշխանության հետ, որը մերժում է երկխոսությունը, որը փակում է ճանապարհները, որը կոշտ բլոկադայի է ենթարկում ազատ խոսքը, Ազատության հրապարակը և Երևանը»,- ասել է Արամ Մանուկյանը: