Home / Հայաստան / Եվրադատարանը կոմունիկացրել է «ՀԺ»-ի` Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի դեմ դիմումը

Եվրադատարանը կոմունիկացրել է «ՀԺ»-ի` Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի դեմ դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է դեռևս 2008-ի դեկտեմբերին «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարասկիզբ» ՍՊԸ-ի ներկայացրած դիմումը`Ռոբերտ Քոչարյանի 2008-ի մարտի 1-ին ստորագրած արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի` լրատվամիջոցների գործունեությունը սահմանփակող դրույթի դեմ, գրում է «Հայկական ժամանակը»:

Այս գործով Եվրոդատարանում «ՀԺ»-ի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը երեկ ԵԴ-ից նյութեր է ստացել, որոնցից պարզ է դառնում, որ ԵԴ-ն «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի  դիմումը կոմունիկացնելու որոշումը կայացրել է հոկտեմբերի 7-ին և նույն օրն էլ ՀՀ կառավարությանն է ուղարկել 4 հարց: Դրանց պատասխանելու համար տրվել է մոտ երեք ամիս ժամանակ` մինչև եկող տարվա հունվարի 27-ը: «ՀԺ»-ն ԵԴ ներկայացրած այս դիմումով խնդրել է ճանաչել իր`արտահայտվելու ազատության և արդար դատաքննության իրավունքների խախտման փաստը: «ՀԺ»-ի ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակվել է 2008-ի մարտի 1-20-ը հայտարարված արտակարգ դրության օրերին լրատվամիջոցների գործունեությունը արգելելու արդյունքում:

ՀՀ կառավարությանն ուղղված ԵԴ-ի հարցերից մեկը հետևյալն է. «Արդյոք նախագահի հրամանագրով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված `արտահայտվելու ազատության իրավունքների սահմանափակումը համապատասխանո՞ւմ է 10-րդ հոդվածին`հաշվի առնելով Կոնվենցիայի 15-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես, արդյոք եղե՞լ է պատերազմի կամ արտակարգ այլ իրավիճակ, որը սպառնացել է պետության գոյությանը»: Եվրոդատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է պատասխանել նաև բերված հարցի հետևյալ ենթահարցերին. «Արդյո՞ք նախագահի հրամանագրի այդ դրույթը`լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ, խիստ պահանջում էր ստեղծված իրավիճակը: Եղե՞լ է արդյոք դիմողի 10-րդ հոդվածով երաշխավորված  արտահայտվելու ազատության իրավունքի խախտում, մասնավորապես, ինչ իրավաչափ նպատակ է հետապնդել այդ սահմանափակումը և արդյոք ժողովրդավարական հասարակությունում անհրաժե՞շտ է այդ սահմանափակումը»: Ըստ Տիգրան Աթանեսյանի, արտահայտվելու ազատության իրավունքի խախտմանը վերաբերող հարցերը ընդհանրություն չունեն այն հիմնավորումների հետ, որոնք Հայաստանի իշխանությունները հատկապես 2008-ի մարի 1-ին հաջորդած օրերին պաշտոնապես ներկայացրել են արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը հիմնավորելու նպատակով: