2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Երեխային տանջելու տեսանյութը մի տարածեք

Երեխային տանջելու տեսանյութը մի տարածեք

Երեկվանից համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է կինը տեսախցիկի առջև ծեծում, մերկացնում և մյուս դստեր հետ միասին նվաստացնում իր անչափահաս աղջկան։ Տեսանյութը, ըստ ամենայնի, նկարահանվել է բռնարար մոր կողմից։ «Դրդապատճառները» քննիչները «դեռ պարզում են»։ Թե ինչպե՞ս է այն հայտնվել համացանցում (ըստ որոշ տեղեկությունների՝ հրապարակվել է հետախուզման մեջ գտնվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի կողմից), ինչո՞ւ չի փոխանցվել իրավապահներին, այլ դրվել է հրապարակային շրջանառության մեջ՝ պարզ չէ։ Քննչականը տեսանյութը որակել է որպես «պոռնկագրական բնույթի նյութ»։ Առավոտյան ոստիկանությունից հաղորդել են, որ տեսախցիկի առջև դստերը կտտանքների ենթարկող 34-ամյա կինը հայտնաբերվել է և բերման ենթարկվել։ Ոստիկանություն են տարվել նաև նրա 5 անչափահաս երեխաները։ Ներքին գործերի նախարարությունից հավաստիացրել են՝ երեխաները եղել են ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո: մեղադրանքներ Քիչ առաջ Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ դեպքի առթիվ քրեական վարույթ են նախաձեռնել — ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, անչափահասի նկատմամբ՝ առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ) — ՔՕ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը՝ կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն), — 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 300-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը)։ Կինը՝ Ա․Ա․-ն, հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։ դատվածություններ Դեպքը, ըստ Ոստիկանության, տեղի է ունեցել Գավառում։ Լրատվականները գրում են, որ կնոջը հայտնաբերել և ձերբակալել են Երևանում։ 34-ամյա Աննա Արևշատյանը ծնունդով Տավուշի մարզից է, ամուսնու՝  Մադաթյան Թաթուլի, և 5 անչափահաս երեխաների հետ միասին երկար տարիներ ապրել է Գավառում, հետո, ըստ որոշ տեղեկությունների, տեղափոխվել է նախ Գյումրի, այնուհետև՝ Երևան։ Աննա Արևշատյանը, ըստ «Դատալեքսի», 2017 թվականին դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ նույն աղբյուրի՝ 2017-ի հունիսի 9-ին նա հայտարարել է, թե 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ Դատարանը հաղորդումը որակել է որպես իրականությանը չհամապատասխանող և դատել նրան «սուտ մատնություն» անելու համար։ Գավառի բնակիչներից մի քանիսը «Հետք»-ի հետ զրույցում պատմել են, որ Թաթուլ Մադաթյանը՝ երեխաների հայրը, դատապարտվել է իր անչափահաս աղջկան բռնաբարելու համար։ Նրան առնչվող գործը «Դատալեքսում» փակ է։  Բնակիչները, որոնք նախընտրել են անանուն մնալ, ասել են, որ տղամարդուն հաջողվել է մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո դուրս գալ, քանի որ երեխայի մայրը՝ Թաթուլ Մադաթյանի կինը, բողոքը հետ է վերցրել։ Աննա Արևշատյանը և Թաթուլ Մադաթյանը հաճախ են դիմել համայնքապետարան՝ օգնություն ստանալու խնդրանքով։ Արևշատյանին այսօր են ձերբակալել։ Ըստ լրատվականների (չհաստատված) տեղեկությունների՝ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է։ մարզպետարանն ու համայնքապետարանը «զբաղվել» են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածած պարզաբանումից դատելով՝ համայնքային իշխանությունները տեղյակ էին, որ ընտանիքում լուրջ խնդիրներ կան։ «2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։ Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։ Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր», - հայտնել են մարզպետարանից։ Թե կոնկրետ ինչպես է հիշատակված հաստատությունները «զբաղվել» ըտանիքի խնդիրներով՝ պարզ չէ։ Մարզպետարանը արդարացել է, թե 2023 թվականի մայիսին ընտանիքը տեղափոխվել է․ «Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել»։ Այն, ինչ երեկ հանրային է դարձել, վկայում է նախևառաջ պատասխանատու ինտիտուտների՝ համայնքի, ուսուցիչների, հոգեբանների, սոցաշխատողների, ոստիկանություն անգործության, անգործունակության մասին։ Դատելով արդեն իսկ ի հայտ եկած տեղեկություններից՝ թե հարևանները, թե դպրոցի աշխատակիցները և թե համայնքային իշխանությունները տեղյակ են եղել, որ ընտանիքում խնդիրներ կան, առնվազն հիմնավոր կասկածներ են ունեցել, որ երեխաները բռնության (այդ թվում՝ սեռական բռնության) են ենթարկվել։

Մահվանից առաջ զինվորին նվաստացրել է մայորը. ՔԿ

Մահվանից առաջ զինվորին նվաստացրել է մայորը. ՔԿ

․․․Հրամանատարի տեղակալը զինծառայողի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ է կատարել՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով․․․ 

Կրակել են Կապանի վերագործարկվող օդանավակայանի վրա. ԱԱԾ

Գիշերը Ադրբեջանի տարածքից անհայտ անձը երեք կրակոց է արձակել Կապանի օդակայանի ուղղությամբ

Վերին Լարս անցակետը մինչև 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

- Դիտարկեք այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը:

ՄԱԿ ԱԽ նիստին ընդառաջ կորած հայ պահեստազորայինը դարձավ «դիվերսանտ»

ՄԱԿ ԱԽ նիստին ընդառաջ կորած հայ պահեստազորայինը դարձավ «դիվերսանտ»

Հայաստանցի պահեստազորային Գ. Ո.-ն ձերբակալվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ պնդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը մտեսանյութ է հրապարակել, որում, ըստ ՀՀ ՊՆ խոսնակի, երևում է՝ «Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ»: «Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»», - գրել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։   Նախարարությունը հավաստիացրել է՝ քննում են «Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները»: հերքումից հետո ինչ-որ «գնդացիր է հայտնաբերվել» Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե վարժական հավաքի մասնակից, պահեստազորային Գ․Ո․-ն «նախնական տվյալներով՝ ինքնակամ թողել է մարտական դիրքը», նրան «հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանքներ են ընթանում»։ Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե Քելբաջարի շրջանում վիրավորվել և ձերբակալվել է «ժամը 11:15-ին ադրբեջանական տարածք ներթափանցելու փորձ կատարած հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի» անդամներից մեկը, մյուսները, իբր, ստիպված են եղել նահանջել: Հայաստանի պաշտպանության նախարարությունը այս հաղորդագրությունն իսկույն հերքել է՝ հիշեցնելով, որ նախորդիվ տեղեկացրել էր վարժական հավաքների մասնակից պահեստազորայինի անհետացման մասին։ Սրանից հետո Ադրբեջանի ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն է տարածել, որում ձերբակալված հայ պահեստազորայինը կրկին ներկայացվել է որպես «դիվերսանտ»։ Բաքուն հրապարակել է նրա անունը՝ «ենթադրաբար, Գագիկ Աշոտի Ոսկանյան, ծնված 1983 թվականին» և լուսանկարը։ Նշվել է, թե ձերբակալված հայ զինծառայողի մոտ «ՌՊԿ» գնդացիր և այլ ռազմամթերք է հայտնաբերվել։ «Նախնական ցուցմունքներում Գ․ Ոսկանյանը խոստովանել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին», - հավելել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։ Բաքուն պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ նիստին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդի՝ այսօր նախատեսված հրատապ նիստից առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել նոր մեղադրանքներով և կոչ արել Հայաստանին զերծ մնալ «իրավիճակը սրող սադրիչ քայլերից և հայտարարություններից», չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և միջազգային հանրությանը «շփոթեցնելու փորձերը» շարունակելու փոխարեն կատարել ստանձնած պարտավորությունները։ Պաշտոնական Բաքուն այս համատեքստում հիշել է նաև հայ պահեստազորայինի այսօրվա ձերբակալության մասին և նշել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Ադրբեջանի տարածք»։ թարմացում (19:15) —  Քելբաջարի շրջանում ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական սահմանի խախտման հոդվածով։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց էլ, չնայած հայկական կողմի ներկայացրած հակափաստարկներին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է՝ իրենց հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել «մի խումբ անձանց, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի անդամների կողմից դիտավորյալ գործողությունների համակարգման» վերաբերյալ։ Ձերբակալված հայ պահեստազորայինին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է որպես «դիվերսիոն խմբի» անդամ։ Այդ «Խմբի» դեմ քրեական գործ է հարուցվել մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու՝ հայկական կողմի որոշումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Բաքվում։ Երկու օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ծավալուն մի հայտարարություն էր տարածել, որով Լեռնային Ղարաբաղի 8-ամսյա բլոկադայի մեղքը փոձում էր դնել հայկական կողմի վրա։ Բաքվից հայտարարում էին, թե ՀՀ ԶՈՒ-ն տեխնիկա և զորք է կուտակում սահմանին։ Երևանից և ԵՄ դիտորդական առաքելությունից այս մեղադրանքները հերքել են։ Դիվանագիտական էսկալացիայի ֆոնին ինտենսիվացել են նաև հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրությունները։ Երկու օր առաջ սահմանին հայ զինծառայող է վիրավորվել։ Երեկ կրակի տակ է հայտնվել նաև Հայաստանում Եվրամիության դիտորական առաքելության մեքենան։ Ադրբեջանը հաստատում է ռուսական արտահոսքն և սպառնում․ հայերը հերքում են

Թուրքիայից. Ճեղքե՛ք Ղարաբաղի բլոկադան

Թուրքիայից. Ճեղքե՛ք Ղարաբաղի բլոկադան

Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարումների միջոցով, ինչպես 1948-49-ին ճեղքվեց Բեռլինի շրջափակումը․․․

53-ամյա Վարդանը դուրս է եկել Նոր Գեղիի խնձորի այգիների տարածքից և կորել

53-ամյա Վարդանը դուրս է եկել Նոր Գեղիի խնձորի այգիների տարածքից և կորել

Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին` դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Ռուս զինվորականները ուժով բացել են բազայի մուտքը (թարմացում)

Ռուս զինվորականները ուժով բացել են բազայի մուտքը (թարմացում)

Իրավիճակին կարելի է հետևել Արթուր Օսիպյանի լայվերով․ «Դուք Ադրբեջանի հետ միասին փակել եք մեր ճանապարհը, մենք փակում ենք ձերը»

Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ

Ստեփանակերտի բնակիչ, 1983թ․ ծնված Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման հետևանքով

Կրակել են․ եվրոպական դիտորդները էլ չեն մեղադրում ՀՀ ՊՆ-ին

Եվրամիության դիտորդական առաքելությունը (ԵՄ ԴԱ), որն ավելի վաղ հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, այժմ հաստատել է՝ առաքելության պարեկը «ներկա է գտնվել ԵՄ ԴԱ պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին»։ Թե ինչ կրակոցների մասին է խոսքը և ովքեր են կրակել՝ եվրոպական առաքելությունը չի մանրամասնել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ավելի վաղ հայտարարել էր՝ կեսօրից հետո ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանք մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան։ Քիչ անց ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր․ «ԵՄ ԴԱ ոչ մի պարեկ կրակի թիրախ չի՛ եղել։ Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և զեկուցում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»: Գրառմանը կցվել էր ՀՀ ՊՆ հաղորդագրության սքրինշոթը, որի վրա խոշոր կարմիր տառերով գրված էր՝ «False» (Կեղծ)։ «Հերքման» այս տեքստը առաքելության թվիթերյան էջից արդեն ջնջվել է։ Պաշտոնական Բաքուն, մինչ այդ, հերքել է հայկական (այժմ՝ նաև եվրոպական) կողմերի տարածած տեղեկությունները։ «Եվրամիության դիտորդները նախապես տեղեկացնում են ադրբեջանական կողմին իրենց տեղաշարժի երթուղին, դրա կոորդինատները, ինչպես նաև մեքենաների համարանիշներն ու տեսակները։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տեղեկացված են առաքելության այցերի մասին, այդ իսկ պատճառով միջադեպը, որի մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեսականորեն և գործնականում հնարավոր չէ», - գրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Վերջին օրերի դիվանագիտական էսկալացիայի ֆոնին հայկական և ադրբեջանական կողմերը պարբերաբար հերքում են հրադադարի ռեժիմի խախտման մասին միմյանց հաղորդագրությունները։  Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին նկատվում է ՀՀ ԶՈւ ռազմատեխնիկայի և անձնակազմի կուտակում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը։ Ավելի ուշ պաշտոնական հերքմամբ էր հանդես եկել նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելությունից հաղորդել էին՝ ամենօրյա պարեկության ընթացքում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չեն արձանագրել, առավել ևս՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 14-ին՝ Ժամը 19։50-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ «Վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծար»։

Էրեբունու ոստիկանները մարդկանց են ծեծել․ Դատախազությունը հաստատեց

Էրեբունու ոստիկանները մարդկանց են ծեծել․ Դատախազությունը հաստատեց

Փետրվարի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծի էին ենթարկել ձերբակալված անչափահասի պաշտպաններին։ Դեպքից կես տարի անց ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Դատախազությունը հրապարակել է միջադեպի պաշտոնական վարկածը։ տե՛ս Էրեբունու ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 9-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Ըստ դատախազության, ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի, վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություններ են հնչել: Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել վկա Մ.Ե.-ին և միջանցքում պարզաբանում պահանջել: «Վկա Մ.Ե.-ն բաժնի միջանցքում գտնվող՝ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված այլ ծառայողների ներկայությամբ հերքել է ինչպես իր, այնպես էլ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություն հնչեցնելու հանգամանքը: Դրան ի պատասխան Մ.Ա.-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել այն անձանց հասցեին, ովքեր իր վերաբերյալ նման արտահայտություն են արել: Մ.Ա.-ի և միջադեպին ներկա՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում վկա Մ.Ե.-ն, Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ն և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել պաշտպան Մ.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Միջադեպին ներկա՝ ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի մյուս պաշտպան Է.Ա.-ն միջամտել է ծեծկռտուքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին: Ցկա Մ.Ե.-ն օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցների հետ միասին՝ խմբի կազմում, պատասխան հայհոյանքներ հնչեցնելով հարվածներ են հասցրել պաշտպան Է.Ա.-ի դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ», - գրել է Դատախազությունը։ Օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել վկա Մ.Ե.-ի (2 դրվագ), Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի և օպերլիազոր Վ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Էրեբունու բաժանմունքում ծեծի ենթարկված փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի պաշտպանն ավելի վաղ պատմել էր Epress.am-ին, որ վիճաբանությունը հրահրած վկան ևս ոստիկանության աշխատակից է։ Փաստաբաններին ծեծել են անչափահասներից մեկի և հիշատակված ոստիկանի առերեսումից հետո։  Առերեսման ժամանակ անչափահաս վկան՝ հիշյալ օպերի (դատախազության հաղորդագրությունում նրա մասին գրում են «վկա Մ․Ե․») ներկայությամբ ցուցմունք է տվել և պատմել, թե ինչպես են ոստիկանները նախորդ օրը բիրտ ուժի կիրառմամբ («գլուխը ինչ-որ շորով ծածկել են, մի քանի հոգով ծեծել, գետնին պառկացրել, ոտքերով սեղմել և այլն») իրենց բերման ենթարկել բաժին: «Առերեսվող վկա օպերլիազորը, ընկալելով, որ անչափահասը ցուցմունքներ է տալիս նաև իր գործողությունների վերաբերյալ և փաստաբանն էլ, իր հերթին, հանգամանքների պարզաբանման համար հարցադրումներ է իրեն ուղղում, սկսել է լարվել, վիրավորել փաստաբանին, հետո արդեն հարձակվել ու բռնություն են գործադրել փաստաբանների վրա», – Epress.am-ին ասել է ծեծի ենթարկված փաստաբանների պաշտպանը։ Ըստ նրա՝ 16-17 տարեկան երիտասարդներին ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատողները բերման են ենթարկել՝ խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Տուժող են ճանաչվել այն նույն ոստիկանները, որոնք մեկ օր անց խմբակային ծեծի են ենթարկել փաստաբաններին։ Միջադեպից ամիսներ ոստիկանության բաժանմունքում ծեծի են ենթարկել նաև փաստաբան Կարեն Ալավերդյանին։ Հուլիսին փաստաբանների պալատը գործադուլ էր հայտարարել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պաշտպաններին ծեծած ոստիկաններին և պաշտոնանկ անել Կենտրոն բաժանմունքի պետին։

Ադրբեջանը հարձակվել է արհմիութենականների վրա

Ադրբեջանը հարձակվել է արհմիութենականների վրա

Ադրբեջանի անկախ արհմիությունների նորաստեղծ կոնֆեդերացիայի կազմակերպած ցույցից հետո կալանավորել են․․․