ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ի երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ կառավարությունների միջև երկխոսությունը և ձևավորված մթնոլորտը թույլ են տալիս քննարկել ցանկացած հարց:
«Մենք համարում ենք, որ իրականում մեր տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում: Ինչպես Դուք արդեն նշեցիք՝ անցյալ տարի մենք հասանք մինչև 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության ծավալների», – ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկրի համար դա լուրջ թիվ է: Սարգսյանը նշել է, որ օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը ռուսական ներդրումներն են, կան ռուսական կամ համատեղ մոտավորապես 1500 ընկերություններ, այսինքն, այդ իմաստով՝ աճ կա:
ՌԴ կառավարության նախագահը անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերություններին:
Վլադիմիր Պուտինը ևս բարձր է գնահատել մի շարք ուղղություններով հաջողությամբ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ բոլորովին վերջերս հնարավորություն է ունեցել հանգամանորեն զրուցել երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի ինտենսիվ զարգացնելու լրացուցիչ անելիքների մասին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ՌԴ կառավարության նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է աշխատանքային ռեժիմով: