Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը չի հայտարարել, որ Ադրբեջանն իրավունք ունի ընտրել ղարաբաղյան հարցի լուծման ռազմական տարբերակը:
Պատասխանելով Epress.am-ի հարցին` Փոլը գրել է. «Ես երբեք նման ուղիղ հայտարարություն չէի անի այս հարցի շուրջ: Ես ասել եմ, որ Ադրբեջանը նպատակ ունի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, այդ պատճառով էլ այն մշտական ներկայություն ունի բանակցությունների սեղանին: Ինձ թվում է, թարգմանիչը սխալ է հասկացել իմ խոսքերը: Բացի դա, ինձ իրականում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրության մասին հարց չեն ուղղել»:
Նշենք, որ նման բովանդակությամբ հոդված էր տպագրել Aze.az ադրբեջանական կայքը, ըստ որի Ամանդա Փոլը հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացը ձգձգվում է այն պատճառով, որ միջազգային հանրությունը ճնշում չի գործադրում Հայաստանի վրա: «Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը արդյունքներ չեն տալիս և բանակցային գործընթացը ձգձգվում է, Ադրբեջանն իրավունք ունի ընտրել հարցի լուծման ռազմական տարբերակը», – Փոլի խոսքերն էր մեջբերել Aze.az-ը: