Home / Հայաստան / Գեղամյանը՝ Չերչի՞լ, Հայրիկյանը՝ դը Գո՞լ. ՀՀ վարչապետն օրինակ է բերում

Գեղամյանը՝ Չերչի՞լ, Հայրիկյանը՝ դը Գո՞լ. ՀՀ վարչապետն օրինակ է բերում

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչ կտա ՀՀԿ-ին Պարույր Հայրիկյանի, Խոսրով Հարությունյանի և Արտաշես Գեղամյանի կուսակցությանը միանալը, ասել է.

«Դուք տվեցիք երեքի անունը ես կարող եմ տալ ևս առնվազն մի տասնյակ հայտնի քաղաքական գործիչների, անուններ որոնք ուզում են, պատրաստ են համագործակցել ՀՀԿ-ի հետ: Մենք նույնպես պատրաստ ենք նրանց հետ համագործակցել, որովհետև մեր թիմի ղեկավար Սերժ Սարգսյանը  բազմիցս հայտարարել է, որ ՀՀԿ-ն համախմբող կուսակցություն է», – ասել է ՀՀ վարչապետը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք վերոնշյալ լուսանցքային գործիչները կբարձրացնեն ՀՀԿ-ի վարկանիշը, վարչապետը պատասխանել է.

«Առաջինը՝  դուք չէ, որ պետք է գնահատկան տաք՝ ով է  լուսանցքի այս կողմը կամ այն կողմը, հանրությունն է տալիս դրա գնահատականը ընտրությունների միջոցով:  Իսկ այն ազգանունները, որոնք դուք հնչեցրեցիք, դրանք ազգանուններ են, որոնք ունեն փորձ, որոնք ունեն հեղինակություն, անցել են մեծ ճանապարհ»:

Լրագրողը հիշեցրել է, որ այդ գործիչները ընտրությունների ժամանակ չեն ընտրվում: Դրան ի պատասխան վարչապետը, հիշեցնելով 20-րդ դարի ականավոր քաղաքական գործիչներ` Շառլ Դը Գոլին ու Ուինսթոն Չերչիլին, ասել է, որ նրանք էլ  ընտրությունների ժամանակ պարտվել են:

«Դրանից ոչ մի ողբերգություն պետք չի անել, բայց այդ քաղաքական գործիչների  դերակատարությունն իրենց պետականաշինարարական աշխատանքում թերագնահատելը սխալ է», – պնդել է վարչապետը: