Հնդկաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկի բնակիչը դարձել է աշխարհի տարբեր երկրներում եթեր հեռարձակվող, հայտնի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստատեսային հաղորդման հնդկական տարբերակի հաղթողը`1 միլիոն դոլար պարգևի արժանանալով:
Նա փաստորեն կրկնել է 2008 թվականի օսկարակիր «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի հերոսի ճակատագիրը (Ֆիլմում հնդիկ աղքատ տղան մասնակցում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդմանն ու հաղթող ճանաչվում):
Բիհար քաղաքի գրասենյակային աշխատող Սուշիլ Կումարը խաղի առաջին մասնակիցն է, ում հաջողվել է նվաճել հայտնի խաղի գլխավոր մրցանակը:
Ամսական 6000 ռուփի, (120 ԱՄՆ դոլար) վաստակող Կումարը սովորաբար հաղորդումը հարևանի տանն է դիտել, քանի որ իր ընտանիքը սուղ պայմանների պատճառով իրեն չէր կարող թույլ տալ հեռուստացույց գնել:
«Պատրաստվում եմ տունս վերանորոգել, մի քանի անհրաժեշտ իրեր ձեռքբերել և հետո տեղափոխվել Դելի քաղաքացիական ծառայության քննությանը նախապատրաստվելու համար»,-պատմել է արդեն միլիոնատեր հնդիկը: