ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջև դրված խնդիրները, որի համար Սերժ Սարգսյանը նրան շնորհակալություն է հայտնել և ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:
Նոր ոստիկանապետի նշանակման կապակցությամբ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համոզմամբ, այսօր ՀՀ ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի: Նա վստահություն է հայտնել, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են, և «մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու»:
Ալիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ոստիկանության համակարգի և իր նկատմամբ ցուցաբերված վստահության և աջակցության համար: Նա շնորհավորել է նորանշանակ ոստիկանապետին, ցանկացել բեղմնավոր աշխատանք:
Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ համակարգում մեկնարկած բարեփոխումները կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, առաջ քաշված խնդիրները պատշաճ կերպով կլուծվեն, որի արդյունքը կլինի հասարակության մեջ օրենքի գերակայության ամրապնդումը: