Home / Հայաստան / Կառավարությունը սոցփաթեթի 18 միլիարդը բաժանելու է 100 հազար մարդու միջև

Կառավարությունը սոցփաթեթի 18 միլիարդը բաժանելու է 100 հազար մարդու միջև

Այսօր ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանը, կառավարության նիստի ընթացքում խոսելով 2012 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված պետական ծառայողների համար շուրջ 18 մլրդ դրամ հատկացնելու փաթեթի մասին, խնդրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին պարզաբանել փաթեթի բնույթը:

Վերջինս նշել է, որ փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար հանդիսանում է անկանխիկ գումար։

«Քաղծառայողը կարող է չորս ուղղություններով օգտագործել այդ փաթեթը, իսկ նրա համար համապատասխան վճարումներ կկատարի համապատասխան հիմնարկի ֆինանսական կամ հաշվապահական վարչությունը։ Եթե աշխատակիցը գնում է բժշկական ապահովագրություն, ապա դրանով նա լուծում է իր և իր ընտանիքի բժշկական անվտանգության հարցերը։ Երկրորդ ուղղությունը, որն առաջարկվում է փաթեթով, հիփոթեքային վարկերի համար տոկոսադրույքների վճարումն է։ Ընդ որում, հիփոթեքային վարկերը վերաբերում են ոչ միայն բնակարանի ձեռքբերմանը, այլև վերանորգման ընթացիկ վարկերին։ Երրորդ ուղղությունը կրթությունն է, չորրորդը՝ հանգիստը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Բոլոր դեպքերում մշակված են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն բյուրոկրատիան։ Մասնավորապես, նախարարությունում կամ հիմնարկությունում որևէ մեկը չի որոշի` արժե այդ վճարումը կատարել, թե՝ ոչ։ Կլինեն ստանդարտ ծրագրեր, մասնավորապես, կրթության ոլորտում նշված կլինեն բոլոր այն հաստատությունները, որոնք փաթեթի համաձայն հաստատել է կրթության նախարարությությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը կհաստատի ծրագրի համապատասխան բոլոր այն հանգստյան տների, հյուրանոցների և առողջարանների ցանկը, որոնցից կօգտվեն քաղծառայողները։ Բժշկական ապահովագրությունից կօգտվեն Կենտրոնական բանկի կողմից արտոնագրված բժշկական ապահովագրություն տրվող ընկերությունների ծառայություններից։ Չորրորդ ուղղության համապատասխան՝ եթե բանկը հաստատի, որ քաղծառայողի վարկը համապատսախանում է փաթեթով նախատեսված և Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտներին, ապա անմիջապես վարկի տոկոսները կվճարվեն։

Մեխանիզմը ենթադրում է քաղծառայողներին հնարավորին չափ զերծ պահել բյուրոկրատիայից։ Ծրագրերն ուղղված են լինելու սոցիալական ապահովության ծախսերին։ Այժմ ճշտում ենք վերջնական շահառուների քանակը։ Փաթեթն առնվազն կտարածվի պետական համակարգի 100 հազար աշխատակիցների վրա», – ասել է Գաբրիելյանը։