Femen կանանց ուկրաինական շարժումը իր հերթական «մերկ» բողոքի ակցիան է անցկացրել եկեղեցու «կնատյաց քաղաքականության» դեմ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում: Ինչպես գրում են արևմտյան ԶԼՄ-ները, Հռոմի Պապի կիրակնօրյա պատարագից հետո ակտիվիստներին հաջողվել է շրջանցել անվտանգության ուժերին և մոտենալ Սուրբ Պետրոսի տաճարին: Femen-ի ակտիվիստները «ազատություն կանանց» արտահայտությամբ ցուցապաստառներ էին կրում:
Femen-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ`այս կերպ նրանք փորձում էին իրենց բողոքն արտահայտել Պապի հայրիշխանական քարոզչության դեմ, որը մարդկանց շրջանում կնոջ, նրա մշակութային և սոցիալական դերի մասին միջնադարյան պատկերացումներ է տարածում:
Ոստիկանները ցրել են լրագրողներին և ձերբակալել շարժման ակտիվիստներին: Նրանք ստիպված են եղել 4 ժամ անցկացնել ոստիկանության բաժնում:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին կանանց շարժման ակտիվիստները Հռոմում մասնակցել են նաև Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ անցկացվող բողոքի ակցիային:
Ակտիվիստներն իրենց մարմինները ներկել են Իտալիայի դրոշի գույներով`ձեռքերում պահելով «Fuck you, Silvio» գրությամբ պաստառը:
Ելույթ ունենալով ակցիայի ընթացքում` ակտիվիստները համեմատություն են անցկացրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Սիլվիո Բերլուսկոնիի միջև` նշելով, որ երկուսն էլ կապ ունեն մաֆիայի, կոռուպցիայի հետ և երկուսն էլ չեն կարողացել անհրաժեշտ բարեփոխումներ իրականցնել իրենց երկրներում: