Արդեն երկու օր է ոստիկանության էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության մայոր Միհրան Քեշիշյանը գտնվում է հետախուզման մեջ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա նոյեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափով կաշառք տալը) և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (կաշառք տալու փորձը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել միջնորդների միջոցով քաղաքացի Ք.Ա-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար Միհրան Քեշիշյանին 13 հազար ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպքի առթիվ։
Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը, որտեղից երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ քրեական գործի հարուցումից հետո Մ. Քեշիշյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում, քանի որ վերջինս դիմել է փախուստի, և նրա գտնվելու վայրը անհայտ Է։
Ըստ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ– ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ Էրեբունու քննչական բաժնում իրականացվող քննությունը դադարեցնելու նպատակով երկու քաղաքացիներ դիմել են ՀՀ ոստիկանության շտաբի Բարեփոխումների մշակման և ծրագրերի համակարգման բաժնի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ ՝ ոստիկանության էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին։ Քեշիշյանի պահանջով քաղաքացիները Կ. Խաչատրյանին տվել էին 13 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որից վերջինս հազար դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին։ Ոստիկանության փոխանցմամբ, Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու և Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը։
Օրաթերթը հիշեցնում է, որ Քեշիշյանը գարնանը անցնում էր որպես տուժող հայտնի բռնցքամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով։ Քեշիշյանը, ինչպես նաև գործով անցնող մյուս տուժող, ոստիկանության Երևանի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպեր-լիազոր Կարեն Սարգսյանը դատարանում ցուցմունքներ էին տվել Խաչատրյանի դեմ, և դրանք դրվել էին Խաչատրյանի մեղադրական դատավճռի հիմքում։
Միջադեպը, որի հետևանքով Խաչատրյանը անազատության մեջ էր հայտնվել, տեղի էր ունեցել մարտի 1-ին, Երևանի Մատենադարանի հրապարակի մերձակա տարածքում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի ժամանակ:
«Վերոնշյալ ոստիկանները քաղաքացիական հագուստով հարձակվել էին հանրահավաքին ներկա կանանց վրա, իսկ Աամսոն Խաչատրյանը փորձել էր նրանց պաշտպանել և մի թեթև մուշտի էր տվել Կարեն Սարգսյանին։ Քեշիշյանին հարվածելու որևէ փաստ կամ ապացույց գոյություն չուներ, բայց «տուժող» Քեշիշյանը պնդում էր, որ Խաչատրյանը հարված էլ է իրեն, և դատարանը հիմք ընդունեց նրա պնդումը։ Այս ամենի պատճառով Աամսոնը մեկ ամիս մնաց անազատության մեջ», – գրում է օրաթերթը։
Նշենք, որ Սամսոն Խաչատրյանն ապրիլի 19-ին մեկ տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել և ազատ արձակվել դատարանի դահլիճից: