Տարիներ շարունակ Թուրքիայի հայ համայնքում խոսվել է, որ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղակայված Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը ոչ ժողովրդավարական քաղաքականություն է որդեգրել և ղեկավարվում է ոչ ժողովրդավար ուղիներով:
Նշենք, որ Թուրքիայի ամենամեծ և հարուստ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը ղեկավարվում է խորհրդի միևնույն անդամների կողմից արդեն շուրջ 30 տարի:
Հիմնադրամում տեղի ունեցած վերջին զարգացումները էլ ավելի են տրամադրել հայ համայնքին հանձնաժողովի անդամների դեմ. վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 6000 ստորագրություն է հավաքվել ընդդեմ հիմնադրամի: Հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ տվյալ հիմնադրամում անգամ արդար ընտրություններ չեն անցկացնում: Մասնավորապես, հիմնադրամի խորհրդի անդամներն անցյալ տարի վերընտրվել են արդեն 6-րդ անգամ:
Թուրքական Radikal պարբերականը հոդված է պատրաստել Ստամբուլի հայ համայնքի բողոքի ակցիայի վերաբերյալ, ինչի կապակցությամբ զրուցել է գործարար Էֆրիմ Բագի հետ, ով նախորդ տարի իր թեկնածությունն էր առաջադրել խորհրդի անդամ դառնալու համար, սակայն չէր ընտրվել:
«Մենք պարզապես արդար ընտրություններ են ցանկանում և ուզում ենք իրազեկված լինել հիմնադրամի եկամուտների և բյուջեի մասին: Սա եկեղեցու հիմնադրամն է, որը պատկանում է բոլոր հայերին և ոչ թե նրանցից մի քանիսին», – ասել է Բագը:
Նշենք, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների հիմնադրամների եկամուտները կուտակվում են եկեղեցի այցելող մարդկանց նվիրատվություններից: Հավաքված գումարը տնօրինվում է հիմնադրամի խորհրդի կողմից` ծախսվելով համայնքի կարիքների համար: