Home / Հայաստան / Տիգրան Կարապետյանին դուր չեկան ՀԱԿ-ի հանրահավաքին հնչող ծափողջույնները

Տիգրան Կարապետյանին դուր չեկան ՀԱԿ-ի հանրահավաքին հնչող ծափողջույնները

Վերջին օրերին քաղաքական դաշտում համակարգային փոփոխությունները առաջիկա ընտրությունների նախապատրաստման կարևոր նախապայմաններից են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժողովրդական  կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով՝  ՀՀԿ-ի կողմից  նախընտրական շրջանում երևանցիներին ամեն կերպ սիրաշահելու ակտիվ գործունեությունն արդեն վկայում է, որ ինչպես նախկինում, այս անգամ ևս ընտրությունները կեղծվելու են:

«Նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրություններին ապահովելու է Ավան վարչական շրջանի ձայները, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ Կենտրոն վարչական շրջանի, իսկ փոխքաղաքապետի պաշտոնին հավակնող Էդվարդ Մադաթյանի որդին (Խուճուճ Էդո) նշանակվելու դեպքում, բնականաբար, կապահովի Էրեբունի վարչական շրջանի ձայները», – հայտարարել է Կարապետյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զուգահեռ պայքար է տանում  ԲՀԿ-ի դեմ` աշխատելով բոլոր ուղղություններով:

«ՀԱԿ-ի ու մնացած կուսակցությունների ակտիվ գործունեությունը չեմ տեսնում, փոխարենը` իմ դիրքորոշումը չի փոխվել, շարունակելու եմ մնալ որպես այլընտրանքային կուսակցություն, որպես ժողովրդական մարդ, ով եղել է ժողովրդի կողքին և շարունակելու է պայքարել ժողովրդի համար»,- ասել է քաղաքական գործիչը:

Հայ Ազգային Կոնգրեսի վերջին հանրահավաքի մասին ԺԿ նախագահն իր տեսակետն ունի.

«Ինձ դուր չեկավ հանրահավաքին ՀԱԿ-ի մշակած սցենարը, այսինքն` հանրահավաքն ընթանում էր հատուկ ծրագրով: Ելույթներն ընդհատվում էին ծափողջույններով, երբ հերթական համայնքը մտնում էր Ազատության հրապարակ, ասենք, Աջափնյակը, Ավանը կամ Կենտրոնը: Կարելի էր նախօրոք հավաքվել և սկսել հանրահավաքը: Ազատության հրապարակը պետք է կոչվի Միասնության հրապարակ, որտեղ պետք է հավաքվեն ու համախմբվեն բոլոր կուսակցություններն ու  միավորվեն՝ ի  բարօրություն ժողովրդի, ոչ թե հանուն իշխանության: Իմ մասնակցությունն այս հանրահավաքին կանխամտածված էր՝ ուզում էի ժողովրդի կողքին լինել, սակայն հիասթափվեցի, երբ տեսա ծանոթ մարդկանց, ովքեր մեզ հետ են եղել»,- նշել է նա:

Հարցին, թե ինչն է իրեն խանգարել միավորվել Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի հետ, Տիգրան Կարապետյանը պատասխանել է.

«Թող հրավիրեին հարթակ, ես հարթակից կհայտարարեի, սակայն որևէ մեկը չշեշտեց, որ Կարապետյանն այնտեղ է, չնայած Լևոն Զուրաբյանը մոտեցավ, ողջունեց ու զրուցեցինք: Ի սկզբանե  ՀԱԿ-ի հետ միավորում նախատեսված չէր, ես ժողովրդի հետ եմ, բայց ոչ՝ ՀԱԿ-ի»:

Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ պայքարի բացակայության պայմաններում Հայաստանը հայաթափվելու է, ինչպես եղել է 1915 թվականին ու շարունակվում է մինչ օրս: