Home / Հայաստան / Հայաստանում «Valio» անվան տակ անհայտ ծագում ունեցող կարա՞գ են վաճառում

Հայաստանում «Valio» անվան տակ անհայտ ծագում ունեցող կարա՞գ են վաճառում

Հայաստանում ֆիննական կարագի անվան տակ վաճառվում է այլ արտադրության` անհայտ ծագում ունեցող կարագ: Ֆիննլանդիայից Հայաստան «Valio»  սերուցքային կարագ ներմուծող «Մառնիկ» ընկերության փոխտնօրեն Գրիգոր Մանթաշյանի խոսքով՝ մի շարք խանութներում մինչ այժմ կարելի է  կիլոգրամով վաճառվող «Valio»  կարագ տեսնել, այնինչ դեռևս  մարտ ամսից կիլոգրամով «Valio»  սերուցքային կարագի ներկրումը Հայաստան դադարեցվել է:

«Մեր ընկերությունը շարունակում է  ներմուծել այս տեսակի կարագը, բայց միայն տուփերով, դրանք են` «Valio»-ն և «Finn»-ը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Մանթաշյանը:

Նրա խոսքով` կարագի կիլոգրամով ներմուծումը դադարեցնելու պատճառը Ֆիննական շուկայում հումքի պակասն էր, ինչի արդյունքում էլ Ֆինլանդիան արգելեց կարագի արտահանումն ու այն տրամադրեց ներքին շուկայի  արտադրողներին:

«Զարմանալի է, որ մինչ օրս տարբեր վաճառակետերում շատ ցածր գներով կարելի է ձեռք բերել կիլոգրամներով վաճառվող «Valio»  սերուցքային կարագը: Սառնարանում ցուցադրված ու նշված է այս ընկերության անունը, իսկ գնորդը շատ դեպքերում չի էլ պատկերացնում, թե ինչ է գնում: Ի դեպ, ծիծաղելի են անգամ վաճառքի համար սահմանված գները՝ 1 կիլոգրամը՝ 1000, 1500, 2000 դրամ, մինչդեռ անարատ  կարագի արժեքը  սկսվում  է 3500 դրամից», – ասել է «Մառնիկ» ընկերության փոխտնօրենը:

Նրա խոսքով` «Մառնիկը» բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ խնդրելով  երևույթը կանխելու համար միջոցներ ձեռնարկել:

«Ինչ-որ մի պահ հսկողություն իրականցվեց, սակայն երևույթը վերջնականապես կանխել դեռևս չի հաջողվել: Կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները սերուցքային կարագի փոխարեն սպառողին առաջարկում են տարբեր  բուսասերուցքային սփրեդներ՝ անհամեմատ  ցածր գներով և հայտարարում, որ  դա արվում է ակցիայի շրջանակում: Նման ձևով  վաճառվում է բուսասերուցքային սփրեդ՝  կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար՝ բավականին բարձր գնով», – ասել է նա:

Մեր հարցին, թե առողջության համար վնասակար ինչ հետևանքներ կարող են ունենալ բուսական սփրեդները և ինչպես տարբերել դրանք սերուցքային կարագից, Գրիգոր Մանթաշյանը  պատասխանել է.

«Պետք է նշեմ, որ բուսական սփրեդը, ի տարբերություն սերուցքային կարագի, սառցարանում չի սառչում, այլ պահպանում է փափկությունը: Սփրեդների բաղկացուցիչ մասն են տարատեսակ կենդանական յուղերը՝  խոզի, ծովակատուների և այլն, իսկ   այս համերը չեզոքացնելու համար օգտագործվում են մի շարք քիմիկատներ: Թե ինչպիսի վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ այս բաղադրությամբ սփրեդները, մնում է միայն ենթադրել, սակայն խորհուրդ կտայի սպառողներին հնարավորինս խուսափել անհայտ ծագումով սնունդ ձեռք բերելուց»: