Հայաստանում ֆիննական կարագի անվան տակ վաճառվում է այլ արտադրության` անհայտ ծագում ունեցող կարագ: Ֆիննլանդիայից Հայաստան «Valio» սերուցքային կարագ ներմուծող «Մառնիկ» ընկերության փոխտնօրեն Գրիգոր Մանթաշյանի խոսքով՝ մի շարք խանութներում մինչ այժմ կարելի է կիլոգրամով վաճառվող «Valio» կարագ տեսնել, այնինչ դեռևս մարտ ամսից կիլոգրամով «Valio» սերուցքային կարագի ներկրումը Հայաստան դադարեցվել է:
«Մեր ընկերությունը շարունակում է ներմուծել այս տեսակի կարագը, բայց միայն տուփերով, դրանք են` «Valio»-ն և «Finn»-ը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Մանթաշյանը:
Նրա խոսքով` կարագի կիլոգրամով ներմուծումը դադարեցնելու պատճառը Ֆիննական շուկայում հումքի պակասն էր, ինչի արդյունքում էլ Ֆինլանդիան արգելեց կարագի արտահանումն ու այն տրամադրեց ներքին շուկայի արտադրողներին:
«Զարմանալի է, որ մինչ օրս տարբեր վաճառակետերում շատ ցածր գներով կարելի է ձեռք բերել կիլոգրամներով վաճառվող «Valio» սերուցքային կարագը: Սառնարանում ցուցադրված ու նշված է այս ընկերության անունը, իսկ գնորդը շատ դեպքերում չի էլ պատկերացնում, թե ինչ է գնում: Ի դեպ, ծիծաղելի են անգամ վաճառքի համար սահմանված գները՝ 1 կիլոգրամը՝ 1000, 1500, 2000 դրամ, մինչդեռ անարատ կարագի արժեքը սկսվում է 3500 դրամից», – ասել է «Մառնիկ» ընկերության փոխտնօրենը:
Նրա խոսքով` «Մառնիկը» բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ խնդրելով երևույթը կանխելու համար միջոցներ ձեռնարկել:
«Ինչ-որ մի պահ հսկողություն իրականցվեց, սակայն երևույթը վերջնականապես կանխել դեռևս չի հաջողվել: Կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները սերուցքային կարագի փոխարեն սպառողին առաջարկում են տարբեր բուսասերուցքային սփրեդներ՝ անհամեմատ ցածր գներով և հայտարարում, որ դա արվում է ակցիայի շրջանակում: Նման ձևով վաճառվում է բուսասերուցքային սփրեդ՝ կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար՝ բավականին բարձր գնով», – ասել է նա:
Մեր հարցին, թե առողջության համար վնասակար ինչ հետևանքներ կարող են ունենալ բուսական սփրեդները և ինչպես տարբերել դրանք սերուցքային կարագից, Գրիգոր Մանթաշյանը պատասխանել է.
«Պետք է նշեմ, որ բուսական սփրեդը, ի տարբերություն սերուցքային կարագի, սառցարանում չի սառչում, այլ պահպանում է փափկությունը: Սփրեդների բաղկացուցիչ մասն են տարատեսակ կենդանական յուղերը՝ խոզի, ծովակատուների և այլն, իսկ այս համերը չեզոքացնելու համար օգտագործվում են մի շարք քիմիկատներ: Թե ինչպիսի վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ այս բաղադրությամբ սփրեդները, մնում է միայն ենթադրել, սակայն խորհուրդ կտայի սպառողներին հնարավորինս խուսափել անհայտ ծագումով սնունդ ձեռք բերելուց»: