Home / Հայաստան / «Ինչպես ծնել են…». Թերթը` վարչապետի նկատմամբ նախագահի դիրքորոշման փոփոխության մասին

«Ինչպես ծնել են…». Թերթը` վարչապետի նկատմամբ նախագահի դիրքորոշման փոփոխության մասին

Իշխանական վերնախավում բավական լուրջ, դեռևս թաքնված խմորումներ են ընթանում, որոնք այս կամ այն կերպ կապված են վերջին օրերին կատարվող իրադարձությունների հետ, գրում է «168 ժամ» օրաթերթը` հղում կատարելով ՀՀԿ-ին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ խոսքը վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, և մասնավորապես, նրա նկատմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքի փոփոխությանը: Թերթի տեղեկություններով`իշխանական վերնախավում այս օրերին քննարկվում է Տիգրան Սարգսյանի` չափից դուրս քաղաքական ակտիվությունը և նրա կողմից ձեռնարկվող բացահայտ ու թաքնված քայլերը, որոնք նույն աղբյուրների համաձայն, մեղմ ասած, սկսել են դուր չգալ Սերժ Սարգսյանին:

Վարչապետը վերջին շրջանում  բացի ՀՀԿ-ականներին անդամատոմսեր հանձնելուց և ներկուսակցական ֆունկցիաների դերի ստանձնումից, սկսել է նաև ակնհայտ անձնական հավակնություններ դրսևորել: Թերթի փոխանցմամբ` նախագահականում պարզել են, որ մամուլում վերջերս պարբերաբար հայտնվող վարկածները, ըստ որոնց `Տիգրան Սարգսյանը կարող է համարվել ՀՀ նախագահի հաջորդ թեկնածու, շրջանառության մեջ են դրվում ոչ առանց վարչապետի իմացության, երբեմն`նաև նրա մասնակցությամբ: Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների` Սերժ Սարգսյանին զայրացրել է հատկապես այն, որ Տիգրան Սարգսյանը չափից շատ լուրջ է վերաբերվել իրեն վերապահված դերին (այն է`խելացի վարչապետի ցուցադրական կերպարը) և նրա մտքով նույնիսկ անցել է մտածել ավելի մեծ խաղերի մասին: Դրան հատկապես նպաստել են ԱԺՄ-ի ու նրանից պոկված բեկորների վերամիավորման, ինչպես նաև այլ`մանր տրամաչափերի կուսակցությունների հետ «խաղեր սկսելու» մասին տեղեկությունները, որոնք ևս կապվում են Տիգրան Սարգսյանի անվան հետ:

Բացի դա, նախագահին սկսել է նյարդայնացնել նաև վարչապետի դրսևորվող «կեղծ աստվածավախությունը» և նմաններին իր շուրջը հավաքելու նրա գործելաոճը: Եվ հենց այս հանգամանքներով են ոմանք բացատրում վերջին օրերին Հարություն Առաքելյանի կողմից Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցված լրջագույն մեղադրանքները: Թերթը եզրակացնում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրան Սարգսյանի համար անցանկալի հետևանքներ չեն ունենա (կամ չեն ունենա առայժմ), սակայն այդպիսով Սերժ Սարգսյանը ցանկանում է հասկացնել, որ ինչպես «նրան ծնել են, այնպես էլ կարող են զոհաբերել»:

Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ