Նոյեմբերի 25-ի հանրահավաքին կայացած իր ելույթում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ցանկանում է բացահայտել մի փոքրիկ գաղտնիք՝ «հավատարիմ մնալով բաց քաղաքականություն վարելու եւ հասարակությունից ոչինչ չթաքցնելու Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած սկզբունքին»։
«Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» հակասությունների հետեւանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի գնահատմանը ես պատրաստվել էի անդրադառնալ դեռևս նախորդ հանրահավաքում, սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այդ հարցի շուրջ կոնսենսուսի չկայացման պատճառով ժամանակավորապես հրաժարվեցի այդ մտքից։ Թեեւ այսօր էլ կոնսենսուսը դեռեւս բացակայում է, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացներից հետ չմնալու մտահոգությունն ինձ ստիպում է, թեկուզ ուշացած, արծարծելու հույժ հրատապ այդ հարցը։ Ներքոշարադրյալն, ըստ այդմ, ոչ թե Կոնգրեսի պաշտոնական, այլ իմ անձնական տեսակետն է, հետևաբար, ես էլ կրում եմ նրա ողջ պատասխանատվությունը։
Իմ ելակետն այս հարցում հետևալն է. Հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստանի հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ և հաշվի չառնել։ Ի դեմս Բարգավաճի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձևավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում։ Արդարությունը, սակայն, պահանջում է նշել, որ նման զարգացում ժամանակին գուշակել էր քաղաքագետներից միայն մեկը՝ Արմեն Բադալյանը։ Ի դեպ, իրադարձությունների զարգացման տեսակետից, ամենևին կարևոր չէ, թե ինչպես կավարտվի Հանրապետականների և Բարգավաճի հակամարտությունը։ Եթե նույնիսկ վերջինս հերթական անգամ ընկրկի ու հարկադրված լինի առերես վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին, միևնույն է, դա չի նշանակում, որ ինչ-որ պահի կրկին չի հրաժարվի դրանից, թեև, իհարկե, այդ տատանումները կարող են բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի վրա։ Իսկ այդ վարկանիշը պարզապես զրոյի կհավասարվի, եթե Բարգավաճ Հայաստանը հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից և այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից։ Բարգավաճ Հայաստանն իր դեմքն իսպառ կկորցնի նաև այն պարագայում, եթե, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի Հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով։ Ավելի մեծ նվաստացում կամ ինքնաոչնչացման ավելի կարճ ճանապարհ Բարգավաճի համար դժվար է պատկերացնել, քանի որ նա դրանով խաչ կքաշի արժանապատիվ քաղաքական գործոն լինելու իր բոլոր հավակնությունների վրա», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով` դժվար է գուշակել, թե որքան հեռուն կգնան իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները:
«Բայց եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից և պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ Ազգային Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսի և Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, և թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձևավորման համար», – նշել է ընդդիմության առաջնորդը։
Այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանն ասել է, որ հնարավոր շահարկումները կանխելու նպատակով ինքը ցանկանում է հավելել, որ դա ոչ թե Բարգավաճ Հայաստանին ուղղված համագործակցության առաջարկ է, այլ ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ, «մանավանդ որ Կոնգրեսի և այդ կուսակցության միջև մինչ այժմ որեւէ շփում կամ նախնական քննարկում տեղի չի ունեցել»։
«Շահարկման մի այլ առիթ կարող է դառնալ և արդեն իսկ դարձել է այն, որ Կոնգրեսը թեկուզ տեսականորեն հնարավոր դիտի համագործակցել մի ուժի հետ, որին մինչ այդ ավազակապետության կամ քրեաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մաս է համարել։ Քաղաքականության այբուբենին ծանոթ որևէ մեկը, սակայն, այս տիպի քննադատությանը լուրջ չի կարող վերաբերվել, քանի որ ցանկացած գերխնդրի, տվյալ պարագայում բռնապետությունը թոթափելու նպատակի շուրջ զանազան ուժերի, անգամ երբեմնի անհաշտ հակառակորդների համագործակցությունը ոչ միայն սովորական երևույթ է, այլև անհրաժեշտ քաղաքական վարքագիծ։ Վկա՝ բոլոր հեղափոխություններն ու ազգային-ազատագրական շարժումները, որոնք հաջողության չէին կարող հասնել առանց այլազան քաղաքական ուժերի համատեղ պայքարի։ Ուրիշ բան, եթե մեր ընդդիմախոսները բացեիբաց հայտարարեն, որ գերխնդիրը սխալ է, և ամենևին հարկ չկա ազատվելու քոչարյանա-սերժական վարչախմբից։ Այլապես, իրենց անհասկանալի պահվածքով, նրանք հսկայական ծառայություն են մատուցում վարչախմբին», – ասել է ՀՀ առաջաին նախագահը։
Նա նշել է, որ Հայաստանի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը, և գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն են, կցորդը և սպասարկուն։
«Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ», – մասնավորապես հայտարարել է Տեր-Պետրոսյանը։