Այսօր 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Մաշտոցի պողոտայի գետնանցման մոտ սպանված Սամվել Հարությունյանը կդառնար 32 տարեկան:
Նրա հարազատները և Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Արարատի մարզի Լուսառատ գյուղի գերեզմանատուն, իսկ այնուհետև Հարությունյանների տուն` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:
Հարությունյանների տանից դուրս գալուց հետո Կոնգրեսի ակտիվիստներն ու Մարտի 1-ին զոհված ևս մի քանի մարդկանց ծնողները մտել են Խոր Վիրապ` մոմ վառելու նպատակով, որտեղ տեսել են մարտի 1-ի առնչությամբ տարբեր դատական գործերում ներգրավված դատախազ Կորյուն Փիլոյանին: Վերջինս Խոր Վիրապ է եկել արտերկրից ժամանած հյուրերի հետ:
Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է Խոր Վիրապի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին: Նրա խոսքով` ինքը մոտեցել է Փիլոյանին և ասել է. «Ո՞նց ես Փիլոյան, եկել ես մեղքերիդ թողություն անելո՞ւ»:
Քիչ անց կանանցից մեկը, Փիլոյանին տեսնելով, ասել է. «Դու իրավունք չունես մտնել եկեղեցի, սա քո նմանների տեղը չի: Մարտի մեկի հանցագործ»:
Ականատեսների խոսքով` դրանից հետո Կորյուն Փիլոյանը սկսել է հայհոյել կանանց, մասնավորապես, օգտագործելով «Ս…..դ քաշի», «համաշխարհային պոռնիկներ» արտահայտությունները:
Հենց նույն պահին կանանցից մեկը` Վիոլետ Ղազարյանը, մոտեցել է միջադեպին ականատես վանահորը և ասել. «Ես անհարմար եմ զգում, որ մեր երկրի դատախազը եկեղեցու պատերի ներքո, արտերկրից ժամանած հյուրերի ներկայությամբ հայհոյում է կանանց, դուք լսեցի՞ք»:
Վանահայրը հաստատել է, որ լսել է, և ասել, որ ինքը իշխանություն չունի, որ դատախազին որևէ բան ասի:
«Բայց նա Աստծո կողմից պատիժը կստանա», – ասել է եկեղեցու սպասավորը: