ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մասնակցում է խորհրդարանի նիստերին և աշխատանքներին:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակը մշտապես դատարկ է, նախկին խոսնակը հետևյալ կերպ է արձագանքել. «Ով է ասել դատարկ է, էնտեղ էնքան թուղթ կա»:
Նա նշել է, որ ինքը միաժամանակ զբաղված է ՀՀԿ նախընտրական շտաբի կազմակերպչական աշխատանքներով: Մասնավորապես, 18:30-ին հանդիպելու է ՀՀԿ-ական մարզպետների հետ, ապա Երևանի քաղաքապետի հետ, ով նույնպես հանրապետական է:
Լրագրողների հարցին` արդյոք ինքը չի փոշմանել` լքելով Հանրապետության երկրորդ պաշտոնը, Հովիկ Աբրահամյանը բացասական պատասխան է տվել` նշելով, որ պաշտոնաթող լինելուց առաջ ինքը մտածել է:
Աբրահամյանը նշել է, որ ինքը խորհուրդներ չի տալիս ԱԺ խոսնակի պաշտոնակատար Սամվել Նիկոյանին:
«Երեք տարուց ավել միասին աշխատել ենք, ինքը խորհուրդների կարիք չունի», – հայտարարել է Աբրահամյանը: