ՀՀԿ Գործադիր մարմնի և Խորհրդի նիստերից հետո Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանին` Շմայսին, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին «հայվան» ասելու և հայհոյելու համար, գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Ըստ թերթի` նախատինքի խոսքերը շատ հակիրճ են եղել. «Առաքել, դա ի՞նչ պահվածք է»: Շմայսը գլուխը կախել է ու լռել, ապա ավելացրել, թե «ախր շատ են համը հանում, պարոն նախագահ»: Ըստ լուրերի` Սերժ Սարգսյանն այլևս չի լսել, քայլել է:
Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Մովսիսյանն ասել էր, որ որևէ միջադեպ չի հիշում: Դիտարկմանը, թե տեսաձայնագրությունը տեղադրված է համացանցում, պատգամավորն արձագանքել է. «Էէէ, ջղայնացա, ի՞նչ անեմ: Հո մանկապարտեզ չի»:
Պարզաբանելով, թե կոնկրետ ինչն է իրեն ջղայնացրել Մարտիրոսյանի ելույթի մեջ, Մովսիսյանն ասել է. «Իրան շատ բարձր ա պահում: Սպասում ա` սաղ սուս մնան, որ խոսա: Սաղիս էրեխու տեղ ա դրել: Դրա համար էլ ջղայնացել եմ»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ դահլիճում աղմուկ էր տիրում: Մարտիրոսյանը դադարեցրեց ելույթը` սպասելով, որ գործընկերները լռեն: Դա դուր չեկավ Առաքել Մովսիսյանին, ով տեղից բղավեց. «Չեմ եկել, որ քո նման հայվանի ելույթը լսեմ»:
«Հայվանը ինքդ ես, էդ ինչ ձև ես խոսում», – պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը: