Home / Հայաստան / Չեմպիոնների Լիգայում հրաշքներով լի երեկո տեղի ունեցավ

Չեմպիոնների Լիգայում հրաշքներով լի երեկո տեղի ունեցավ

Երեկ 8 հանդիպումներով ավարտվեց Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարը: Վերջին խաղային օրվա ընթացքում մի շարք անակնկալներ գրանցվեցին: Թերևս դրանցից ամենահնչեղը կայացավ շվեյցարական Բազել քաղաքում, որտեղ տեղի համանուն ակումբը 2:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց` ստիպելով մրցակցին պայքարը շարունակել Եվրոպայի Լիգայում:

Մանչեսթեր քաղաքը ներկայացնող մեկ այլ թիմ` «Մանչեսթեր Սիթին», 2:0 հաշվով հաղթեց «Բավարիային», սակայն դա բավական չէր հաջողության համար, քանի որ Իսպանիայում իտալական «Նապոլին» պարտության մատնեց «Վիլյառեալին» նույն հաշվով և տիրացավ երկրորդ ուղեգրին: Խմբում առաջին տեղը զբաղեցրեց «Բավարիան»:

B խմբում բախտը ժպտաց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Այս թիմը Միլանում 2:1 հաշվով հաղթեց «Ինտերին» և օգտվեց այն փաստից, որ ֆրանսիական «Լիլն» ու թուրքական «Տրաբզոնսպորը» ոչ-ոքի խաղացին: Դա հնարավորություն տվեց ԲԿՄԱ-ին շրջանցել մրցակիցներին և մրցաշարն ավարտել երկրորդ տեղում` զիջելով միայն «Ինտերին»:

1/8 եզրափակիչ դուրս գալու համար D խմբում փոքրիկ հրաշք էր հարկավոր նաև Լիոնի «Օլիմպիկին»: Լիոնցիները պարտավորված էին գերխոշոր հաշվով հաղթել խորվաթական «Դինամոյին» և սպասել, որ Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ պարտության կմատնի Ամստերդամի «Այաքսին»: Լիոնցիներն իրենց խնդիրը լուծեցին` ջախջախելով «Դինամոյին» 7:1 հաշվով, իսկ երկրորդ կազմով հանդես եկող «Ռեալը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Այաքսին» 3:0: Հարկ է նշել, որ «Այաքսը» 0:1 հաշվի ժամանակ 2 գնդակ ուղարկեց մադրիդցիների դարպասը, սակայն մրցավարը սխալմամբ չհաշվեց այդ գոլերը` արձանագրելով խաղից դուրս վիճակ:

«Այաքսի» պահեստայինների նստարանին էր նստած Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, ով խաղադաշտ դուրս չեկավ:

D խմբից հաջորդ փուլ դուրս եկան «Ռեալն» ու «Օլիմպիկը», իսկ «Այաքսը» բավարարվեց Եվրոպայի լիգայում տեղով:

Այսպիսով, 1/8 եզրափակիչում մրցելու են իտալական «Ինտերը», «Միլանը», «Նապոլին», անգլիական «Արսենալն» ու «Չելսին», ֆրանսիական «Օլիմպիկները»` Մարսելի և Լիոնի, իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան», ռուսաստանյան ԲԿՄԱ-ն և «Զենիթը», գերմանական «Բավարիան» և «Բայերը», Կիպրոսի ԱՊՈԵԼ-ը, շվեյցարական «Բազելը», պորտուգալական «Բենֆիկան»:

1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 16-ին:

Խումբ A

Մանչեսթեր Սիթի (Անգլիա) – Բավարիա (Գերմանիա) 2:0

Վիլյառեալ (Իսպանիա) – Նապոլի (Իտալիա) 0:2

Բավարիա – 13 միավոր, Նապոլի – 11, Մանչեսթեր Սիթի – 10 միավոր, Վիլյառեալ – 0

Խումբ B

Ինտեր (Իտալիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան) 1:2

Լիլ (Ֆրանսիա) – Տրաբզոնսպոր (Թուրքիա) 0:0

Ինտեր – 10 միավոր, ԲԿՄԱ – 8, Տրաբզոնսպոր – 7, Լիլ – 6

Խումբ C

Բազել (Շվեյցարիա) – Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) 2:1

Բենֆիկա (Պորտուգալիա) – Օցելուլ (Ռումինիա) 1:0

Բենֆիկա – 12 միավոր, Բազել – 11, Մանչեսթեր Յունայթեդ – 9, Օցելուլ – 0

Խումբ D

Դինամո (Խորվաթիա) – Օլիմպիկ Լիոն (Ֆրանսիա) 1:7

Այաքս (Հոլանդիա) – Ռեալ (Իսպանիա) 0:3

Ռեալ – 18 միավոր, Օլիմպիկ Լիոն – 8 (գնդակների տարբերությունը 9-7), Այաքս – 8 (գնդակների տարբերությունը 6:6), Դինամո – 0