ԱՄՆ քաղաքացին երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել թայլանդական իշխանությունների կողմից երկրի միապետ Բումիբոլ Ադուլյադեժի արգելված կենսագրական գիրքը թարգմանելու և համացանցում տարածելու համար:
Թայլանդի մասին պատմող գիրքը կոչվում էր «Թագավորը երբեք չի ժպտում»:
Թայլանդում ծնված, ներկայումս ամերիկյան Կոլորադո նահանգի բնակիչ Ջո Գորդոնը մեղավոր է ճանաչվել համացանցն օգտագործելու և միապետի հասցեին վիրավորական տեղեկություններ տարածելու համար:
Սկզբում դատարանը նրան 5 տարվա ազատազրկման էր դատապարտել, սակայն, քանի որ նա իրեն մեղավոր էր ճանաչել, ազատազրկման ժամկետը կրճատվել է երկու անգամ:
Մինչև վճիռը կարդալը Գորդոնը ասել է լրագրողներին .«Ես թայլանդցի չեմ, ես ամերիկացի եմ: Ես պարզապես ծնվել եմ Թայլանդում: Ես ամերիկյան անձնագիր ունեմ: Թայլանդում կան շատ օրենքներ, որոնք թույլ չեն տալիս ազատ արտահայտել կարծիքդ, սակայն մենք նման խնդիր չունենք Ամերիկայում»:
Գորդոնը ձերբակալվել էր մայիսին, երբ Թայլանդ էր այցելել բուժման նպատակով:
Նշենք, որ Բումիբոլ Ադուլյադեժը` նույն Ռամա 9-րդը, աշխարհի ամենաերկար իշխող միապետն է: Նրա թագադրումը տեղի է ունեցել 1950 թվականին: